ՀՀ ներքին գործերի նախարարը պարեկային ծառայությանը հրահանգել է արցախցի վարորդների նկատմամբ լինել մեղմ և վարչական արձանագրություններ չկազմել։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նախարարը նշեց, որ պարեկները պետք է բավարարվեն միայն նախազգուշացմամբ։ Խոսքը վերաբերում է սեպտեմբերի 21-ից սկսած մեկամսյա ժամկետին։
Պատասխանելով հարցին՝ կարող են առավել մեղմ լինել արցախցի վարորդների նկատմամբ և դիտարկել կիրառված տուգանքների չեղարկումը, կամ այլ լուծում գտնել՝ Ղազարյանը նշեց․ «Լեռնային Ղարաբաղի բնակիչների տրանսպորտային միջոցների վարելու հետ կապված վարչական արձանագրությունների վիճակագրական տվյալներ մենք չունենք, բայց ունենք և՛ գույքային, և՛ մարմնական վնասվածքներով պատահարների դեպքեր»։
Ղազարյանի խոսքով` նշված մեկամսյա ժամկետում կչեղարկվեն նաև տեսանկարահանող սարքերով արձանագրված խախտումները։