Search
Close this search box.

«Հրապարակ». ԶՊՄԿ պահնորդին սպшնшծ ադրբեջանցուն փոխարինենք Արցախի ղեկավարներով

«Հրապարակ» թերթը գրում է. Արցախից գերեվարված եւ Բաքու տեղափոխված Արցախի նախկին նախագահների եւ զինվորականների ապօրինի կալանավորումից շուրջ 1 ամիս անց Հայաստանի ղեկավարությանը չի հաջողվել գերությունից ազատել իր քաղաքացիներին։ Բաքուն ծանր մեղադրանքներ է ներկայացրել  Արցախի նախկին ղեկավարների դեմ՝ ահաբեկչության եւ այլ հոդվածներով։ Փաստորեն, ե՛ւ Արցախը խլեց մեզնից, ե՛ւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերի տարավ` նվաստացնելով մեզանում հարգանք վայելող, վաստակ ունեցող անձանց: Մենք ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանին խնդրեցինք մեկնաբանել գերիների հարցը։ 

«Ադրբեջանում քրեադատավարական պրոցեսները կարող են ընթանալ ցանկացած ուղղությամբ։ Արցախի զինվորականները, նախկին ղեկավարները, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը, ապօրինի են կալանավորվել, այդ մարդիկ չունեն պաշտպանվելու հնարավորություն, հետեւաբար՝ այդ պրոցեսները չեն կարող լինել միջազգային օրենքի դաշտում։ Ադրբեջանական կողմից ամեն ինչ սպասելի է, հնարավոր է ձեռք բերեն տեղեկություններ, որոնք կօգտագործեն Հայաստանի դեմ։ Այս տեսանկյունից մեծ դեր ունեն միջազգային կառույցները, եւ մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք մեծ ներգրավվածություն ունենան, որպեսզի բացառվի ուժի կիրառումը մեր հայրենակիցների նկատմամբ»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը փորձելու է քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։ Մեր զրուցակիցը ենթադրում է, որ հնարավոր է Ադրբեջանն օգտվի Արցախի նախկին նախագահներին բանտում պահելու փաստից եւ փորձի սպառնալիքների, ուժի կիրառման ապօրինի միջոցով տեղեկություններ կորզել եւ դրանք օգտագործել Հայաստանի դեմ:

Արդյո՞ք իշխանական վերնախավը որեւէ տեղեկություն ունի գերեվարված անձանց վերաբերյալ, Խաչատրյանն ասաց՝ տեղեկություններ չունեն։ 

«Ես գիտեմ միայն, որ միջոցառումներ են իրականացվում, բայց թե դրանք ինչ արդյունք կտան, չեմ կարող ասել։ Եթե հնարավոր դառնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության պայմանագրի» կնքումը, ապա դրա ամենակարեւոր կետերից մեկը լինելու է գերիների վերադարձը։ Ես համարում եմ, որ Արայիկ Հարությունյանը, Արցախի մյուս ղեկավարները, առհասարակ՝ սեպտեմբերից անազատության մեջ գտնվող անձինք պետք է անպայման վերադառնան Հայաստան»,- նշեց նա։

Արմեն Խաչատրյանը ողջունում է Ռուսաստանի Դաշնության առաջարկը՝ գերիների փոխանակման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, թե Մոսկվան լավ պայմաններ է տեսնում, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «բոլորը՝ բոլորի դիմաց» ձեւաչափով գերիների փոխանակում իրականացվի: «Իր հերթին, մենք բազմիցս կոչ ենք արել մեր գործընկերներին՝ երկկողմ եւ եռակողմ ձեւաչափերում ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով»,- ասել էր Զախարովան։ Բայց մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից ասել էին, որ Հայաստանում այսօր ադրբեջանցի գերիներ չկան:

Արմեն Խաչատրյանն առաջարկում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին փոխարինել ԶՊՄԿ պահնորդին սպանած դիվերսանտով։

«Գերի չունենք, բայց ունենք սահմանազանց եւ հանցագործություն կատարած ադրբեջանցի։ Ես գտնում եմ, որ այդ ադրբեջանցին մեր գերիների համեմատ ոչինչ է եւ պետք է փոխանակել։ Ես միայն կողջունեմ, եթե հաջողվի կյանքի կոչել «բոլորը՝ բոլորի դիմաց» առաջարկը»,- նշեց նա։

Please enter a valid URL