Ես այսօր արդեն զրո տոկոս եմ համարում Արցախ-Ադրբեջան բանակցությունների վերսկսման հնարավորությունը, քանի որ եւ Ադրբեջանը, եւ Հայաստաի իշխանությունը այնքան էլ հակված չեն դա վերսկսելու: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշել է Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանը:
Անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը, թե Արցախը չի լուծարվել, Սամվել Բաբայանն ասաց. «Նախ, Արցախը իրավական առումով չի կարող լուծարվել. «Ինքը պետք է այդ որոշումն ընդունել խորհրդարանով եւ այլն: Նաեւ պետք է հատուկ ծրագրերի վարչություն ստեղծեին վերաբնակեցման: Բայց ես տեսա, որ իրենք խանդով են վերաբերվում: Էն օրը ցիրկ խաղացին, որ իբր ես ինչ-որ բան կազմակերպել եմ, ժողովրդին տարել եմ Արցախի ներկայացուցչության մոտ: Ես մեր հասարակությանը կոչ կանեի՝ չլսել էդ հիվանդներին:
Շահրամանյանն ԱԱԾ պետ է եղել, իրեն ծանոթ են, թե ովքեր են եղել այդ օրը այնտեղ, որ թեւից են նրանք: Դա ինձ հետ որեւէ կապ չունի: Նրանք Արայիկ Հարությունյանի թեւից են:
Էդ մարդիկ ստեղծված իրավիճակից դուրս գալու որեւէ առաջարկ չունեն եւ այդ դեպքում ի՞նչ պետք է անեն, պետք է թիրախավորեն ինչ-որ մեկին: Ինձ կապում են Նիկոլի հետ, որ պայմանավորվել ենք: Բայց փորձենք հասարակ ձեւով մոտենալ, պարզ է դառնալու, որ դա իրականության հետ կապ չունի: Մեղավորներ են փնտրում իրենց կատարած հանցագործությունն Արցախում, թե ոնց հանձնեցին երկիրը, ոնց են մաքրվում: Քրեական գործը հարուցված է, ընթանում է, վերջում կտեսնենք»,-ասաց նա: