«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հասցեին հնչող մեղադրանքները, թե իբր հենց ինքն է հանձնել Արցախը, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանը հերյուրանք է համարում։ «Հրապարակ»-ի հետ զրույցում պատգամավորը քննադատում է Երեւանում Արցախի ներկայացուցչության վրա տեղի ունեցած հարձակումը, բողոքի ակցիան, որը, ըստ բազմաթիվ տեղեկությունների, համակարգվել էր մեկ այլ գեներալի` Սամվել Բաբայանի կողմից։
«Եթե մեղադրում են Շահրամանյանին՝ սխալ են անում։ Նրան պետք է ազգային հերոսի կոչում տան, որ խնդիրները հոյակապ կատարել ա, ժողովրդին հոյակապ տեղահանել ա։ Ես կարծում եմ, որ նա արժանի է մի քանի երկրների ազգային հերոսի կոչման։ Նա հերոսական քայլ է արել՝ փրկել է ժողովրդին»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Մելքոնյանը։ Մեր ճշտող հարցին՝ արդյոք սա հեգնա՞նք է, պատասխանեց․ «Ոչ»։
«Ես շատ վատ եմ վերաբերվում Արցախի ներկայացուցչության վրա հարձակմանը»,- նշեց Մելքոնյանը։ Եվ նա կարծում է, որ սուտ են այն տեղեկությունները, թե այդ ակցիաները Սամվել Բաբայանն է հրահրում։ «Անձամբ հանդիպել եմ Բաբայանի հետ, ինքը հայհոյանքներ էր տալիս, թե կապ չունի դրա հետ»,- նշեց նա։ Արդյո՞ք իշխանությունը քննարկում է Սամվել Բաբայանին ՀՀ զինված ուժերում կամ որեւէ այլ համարժեք պաշտոն տալու հարցը, Մելքոնյանն ասաց՝ երեք տարի առաջ քննարկվել է, հիմա նման որոշում չկա․ «Մեր օրակարգում հիմա նման հարց չկա»։
Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ այլեւս խոչընդոտ չի տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար։ ՔՊ-ականին հարցրինք` ինչո՞ւ է Կրեմլի ղեկավարը խոսում այս մասին, երբ Նիկոլ Փաշինյանը «խաղաղության պայմանագրի» կնքման մասին խոսում է, որպես կանոն, արեւմտյան հարթակներում եւ, ըստ էության, ցույց է տալիս, որ այս պայմանագրի կնքման հարցում միջնորդ է տեսնում արեւմտյան գործընկերներին, այլ ոչ թե Ռուսաստանին։
«2020թ․-ից մինչ օրս Ռուսաստանը խառնվել ա, դրա համար «խաղաղության պայմանագիրը» չի իրականացվել։ Երբ արդեն Արեւմուտքում պայմանագրի ստորագրման հոտ է գալիս, Պուտինն ուզում է տանել իր մոտ, տապալել այդ գործընթացը։ Հայաստանը գնալու է իր պետության շահերով»,- ասաց Մելքոնյանը՝ միաժամանակ նշելով, որ ոչ ոք այդ շահը չի ներկայացնում: «Մենք պետք է հասկանանք՝ որտեղ է այդ շահը, եւ որ երկրի հետ պիտի բարեկամություն անենք, պայմանագրեր կնքենք»։
Մինչեւ «խաղաղության պայմանագրի» ստորագրումն արդյո՞ք Ադրբեջանը դուրս կգա ՀՀ սուվերեն տարածքներից։ Այս հարցի պատասխանը չունի ո՛չ Գագիկ Մելքոնյանը, ո՛չ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Գրանադայում Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է մինչեւ տարեվերջ «խաղաղության պայմանագիր» ստորագրել Ադրբեջանի հետ` մի երկրի, որի ղեկավարը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, որը ՔՊ-ականները բազմիցս հայտարարել են, որ իրենց համար «կարմիր գիծ է»»: