Search
Close this search box.

Եթե ​​Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ սադրիչ քաղաքականությունը, պատժամիջոցներ կկիրառվեն. Միխայել Ռոթ

Եթե ​​Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ սադրիչ քաղաքականությունը, պատժամիջոցներ կկիրառվեն: Այս խոստումը հոկտեմբերի 23-ին Երեւանում կայացած ճեպազրույցում հնչեցրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

Գերմանացի պատգամավորն իր ներկայիս այցն անվանել է «աջակցության ուղերձ Հայաստանին» և նախազգուշացում Ադրբեջանի բռնատիրական ռեժիմին, որ Եվրոպայում ռազմական սպառնալիքը չի հանդուրժվելու։

«Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ուժի կիրառումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում էր, և մենք խստորեն դատապարտում ենք նման պահվածքը։ Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության և Ադրբեջանի ավտոկրատիայի միջեւ հավասարության նշան դնելու քաղաքականությունը ձախողվել է: Սա նշանակում է, որ քաղաքականությունը պետք է փոխել և հստակ դիրքորոշում որդեգրել։ Եթե ​​Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ սադրիչ քաղաքականությունը, պատժամիջոցներ կկիրառվեն: Դրանք ներկայումս մշակման փուլում են»,- ասել է Ռոթը:

Նա կողմ է արտահայտվել Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնմանը Հայաստանի բնակչության անվտանգության ամրապնդման նպատակով։ Հիշելով ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը ԵՄ-ին հնարավորինս մերձենալու մասին՝ Ռոթն ասել է, որ ինքը դրան կնպաստի, և ԵՄ-ն պետք է արագ ընդլայնի տնտեսական և քաղաքական համագործակցությունը, ինչպես նաև ավելի լայն օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։

Ռոթը առիթը բաց չթողեց հայտարարելու, որ վիզային ռեժիմի ազատականացումը կարող է եւս նպաստել Հայաստանի և ԵՄ-ի մերձեցմանը, և միևնույն ժամանակ հայտարարեց Ստամբուլի կոնվենցիայի վավերացման կարևորության մասին։

Պատասխանելով բաքվի նկատմամբ պատժամիջոցների մասին հարցին՝ Ռոթը պարզաբանել է, որ մինչ այժմ դրա վերաբերյալ նույնիսկ նախագիծ չկա, սակայն կարելի է խոսել էներգետիկ ոլորտում համագործակցության ծավալների կրճատման մասին։ «Ավտորիտար պետությունները հասկանում են մեկ լեզու, ուստի նրանք պետք է իմանան, թե ինչ հետևանքներ կունենան ռազմական գործողությունները, եթե նման բանի դիմեն»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով, Ադրբեջանն արդեն կորցրել է վստահությունը եւ միջազգային հանրության կողմից չի համարվում վստահելի գործընկեր։ Միաժամանակ Ռոթը վստահեցրել է, որ ԵՄ-ն ամեն ինչ կանի բանակցությունները շարունակելու և կայուն խաղաղության հասնելու համար։

Նա խոստովանել է, որ վերջին ամիսներին հայ գործընկերները խոսել են իրադարձությունների ռազմական զարգացման հնարավորության մասին, բայց դրանք չեն լսել եվրոպական մայրաքաղաքներում։

Հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ պատգամավորն ասաց, որ դրանք կարող են ընդունվել ԵՄ մակարդակով, սակայն, ցավոք, այս հարցում կոնսենսուս չկա։ Ողջունելով Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի ղեկավարի ջանքերը և Հայաստանի վարչապետի մասնակցությունը Գրանադայում հանդիպմանը՝ Ռոթը դատապարտել է Ալիևի հրաժարումը հանդիպումից և հայտարարել, որ անհրաժեշտ է համոզել Ալիևին վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ, ինչը բխում է իր իսկ շահերից։

Ռոթը վաղը կայցելի Հայաստանի հարավային շրջաններ։

Please enter a valid URL