Նախկինից թույլտվություն ունեցող տնտեսվարողները դեռևս ունեն հին տեսքի գովազդներ, դա պետք է մինչև հունվարի 1-ը փոխվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում գովազդային նոր ստանդարտները, և նախկինում թույլտվություն ստացած տնտեսվարողները նույնպես պետք է ենթարկվեն դրանց։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Երեւանի տարածքում ինքնակամ տեղադրված գովազդները սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ ապամոնտաժելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին զեկույցի ժամանակ հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում ապամոնտաժվել է ինքնաամ տեղադրված 142 արտաքին գովազդ։ Նա միաժամանակ ներկայացրեց այն աշխատաքնները, որ տարվում են գովազդային նոր ստանդարտներ հաստատելու ուղղությամբ։
«Շատ կարևոր է, որ այս գործընթացը վերաբերվի ոչ միայն նոր գովազդներ տեղադրող տնտեսվարողներին, այլ նաև հին գովազդներ ունեցող տնտեսվարողներին։ Փաստացի ստացվում է, որ այս կարճ ժամկետում որոշակի դիսբալանս կարող է ունենաք, բայց դա մինչև հունվարի 1-ը պետք է փոխվի։ Բոլոր այն տնտեսվարողները, որոնք նախկինում ունեին գովազդի թույլտվություն, պետք է գիտակցեն, որ իրենք նույնպես պարտավոր են անցնել նոր ստանդարտների»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վերջինս հորդորեց բոլոր տնտեսվարողներին տեղեկացնել սկսված գործընթացի մասին. «Տեղեկացրեք նրանց այս գործընթացի մասին, որպեսզի հետո բռնաճնշումների մեթոդներով չառաջնորդվենք և այս գործընթացն ընկերաբար տեղի ունենա: Քաղաքը գովազդային աղբից պետք է ազատվի, այս տարվա վերջում պետք է ամփոփած լինենք այս ռեֆորմի առաջին մեծ փուլը։ Քաղաքի տեսքը էականորեն կփոխվի այս գործընթացից։ Այստեղ կարևոր է, որ վարչական շրջանները ևս ինտենսիվ միացած լինեն այս գործին։ Տնտեսվարողները հունվարի 1-ից պետք է տեղեկացված լինեն, որ ամբողջ ուժով մտնում են գովազդային նոր ստանդարտներ, հետո իրարից նեղանալ չլինի»,- նշեց Տիգրան Ավինյանը։