Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է հանգեցնել աշխարհի այլ տարածաշրջաններում ճգնաժամերի նոր օջախների ի հայտ գալուն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում պաղեստինյան խնդրին նվիրված գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության ղեկավարն իր խոսքում նշել է, որ Պաղեստինում միշտ ողբերգական իրավիճակ է եղել։ Ավելին, այս տարածքում իրերի ներկայիս վիճակը «ջարդ» է հիշեցնում։
«Գազայի հատվածի ժողովրդին նման տառապանք պատճառելու համար որևէ պատճառ կամ հիմնավորում չի կարող լինել։ Եթե թույլ տրվի դրան զարգանալ, ապա այս ճգնաժամը կարող է առաջացնել հակամարտությունների և անկայունության նոր օջախներ ամբողջ աշխարհում»,- ասել է Ֆիդանը:
Նախարարը, սակայն, պարզաբանել է, որ Իսրայելի ու Պաղեստինի զինված դիմակայությունը ոչ միայն ռիսկեր է պարունակում։ Նրա խոսքով՝ դա կարող է շանս լինել Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն հաստատելու համար։
Սակայն նա նշել է, որ նման զարգացումների համար պետք է ճիշտ միջոցներ ձեռնարկել։ Խոսքը, մասնավորապես, ռազմական գործողությունների վաղաժամկետ դադարեցման եւ Գազայի հատվածի բնակիչներին պարբերաբար օգնություն տրամադրելու մասին է։
Բացի այդ, Ֆիդանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է խաղաղ բանակցություններ վարի երկու պետություններ ստեղծելու շուրջ։ Միաժամանակ Պաղեստինի ժողովրդի համար անհրաժեշտ է երկիր ստեղծել 1967 թվականի սահմաններով և մայրաքաղաքով՝ Արևելյան Երուսաղեմում, հավելել է գերատեսչության ղեկավարը։