«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի թաղապետերի պաշտոնները դարձել են լուրջ կռիվ իշխանության եւ «Հանրապետություն» կուսակցության միչեւ, քանի որ իշխանությունը, համագործակցային դաշինք ունենալով «Հանրապետություն» կուսակցության հետ, պետք է նրանց էլ բաժանի թաղապետերի պաշտոններ։
Նախապես որոշված էր, որ 3 թաղապետ պետք է լքի պաշտոնը եւ հեռանա, եւ այդ պաշտոններին պետք է նշանակվեն «Հանրապետություն» կուսակցության անդամները։ Այժմ Մալաթիա-Սեբաստիա,Դավթաշեն եւ Նոր Նորք վարչական շրջանների այդ 3 ՔՊ-ական թաղապետերը մեծ բունտ են անում Ավինյանի մոտ, որ սա արդար քայլ չէ իրենց նկատմամբ, քանի որ իրենք իշխանության կողքին կանգնել եւ աջակցել են նրանց ամենավատ ժամանակաշրջանում, եւ հիմա ստիպում են լքել իրենց պաշտոնները։
Ամենավատ վիճակում գտնվում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը՝ Ռոման Համբարձումյանը, որովհետեւ իր շրջապատում թաղապետը հպարտորեն ասել էր, որ նա խնդիր չունի Տիգրան Ավինյանի հետ, իսկ ընտրություններից հետո այդ պաշտոնը ավելի կամրապնդի, իսկ այժմ նրա գլխին սեւ ամպեր են կուտակվել։ Այս թեժ քննարկումները շարունակվում են Նոր Նորքի թաղապետ Արմեն Մհերյանի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետ Արման Բարխուդարյանի շուրջ եւս:
Իրավիճակը թեժ է, բայց իշխանությունը տարբերակ չունի եւ պետք է այս պաշտոնները տա «Հանրապետություն» կուսակցությանը։
Հիշեցնենք, որ նախնական որոշված է, որ «Հանրապետություն» կուսակցությանը տրվելու է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որը ղեկավարելու է Ռոմիկ Մխիթարյանը: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, սպարապետ Վազգեն Սարգսյանի մտերիմներից է եղել, պատերազմի մասնակից է: Նրա տեղակալ նշանակվելու է Վաչե Վանյանը, որը եւս նույն կուսակցությունից է: Դավիթաշենը եւս կղեկավարի «Հանրապետություն» կուսակցությունը, դեռեւս որոշում են, թե ով, իսկ Նոր Նորքը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը:
Նաեւ սեւ ամպեր են կուտակվել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանի գլխին, քանի որ որոշված է Կենտրոնի թաղապետ նշանակել Նուարդ Վարդանյանին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում