Ադրբեջանական Caliber լրատվականը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների՝ ՄԱԿ-ին ուղղված դիմումի համաձայն, Հայաստանին պարտադրվելու է վերականգնել վերջիններիս իրավունքները։ «Ադրբեջանցի փախստականների»՝ Հայաստանի Հանրապետության տարածք վերադարձի մասին պարբերաբար հայտարարում են Իլհամ Ալիեւը եւ «խաղաղության ջատագով» Նիկոլ Փաշինյանը՝ ամբողջությամբ մոռացության մատնելով մի քանի հարյուր հազար ադրբեջանաբնակ հայ փախստականների, Գետաշենի ու Շահումյանի, այժմ՝ նաեւ Արցախի բնակչության հարցը։
Քաղաքական վերլուծաբան, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ չնայած ադրբեջանական կողմը, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների թեման միշտ է ակտիվ պահել, սակայն այն ավելի կիրառական ու ագրեսիվ դրսեւորում է ստացել հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ «Ադրբեջանական իշխանական ուժերի կողմից ֆինանսավորվող եւ օժանդակվող «Արեւմտյան Զանգեզուր» համայնքը որոշեց, որ միջազգային տարբեր հարթակներում պետք է ներկայացնի փախստականների՝ իբր, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի եւ նրանց իրավունքների մասին։
Խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի՝ Գեղարքունիքի մարզի, հատկապես՝ Վարդենիսի շրջանի մասին, որն իրենք անվանում են Բասարգեչարի շրջան, Վայոց Ձորի շրջանի մասին, որն իրենք Դարանագյազ են անվանում, այդ թվում՝ Սյունիքի մարզն ամբողջությամբ եւ Արարատի մարզի որոշ համայնքներ՝ Արտաշատ, Արարատ քաղաքների հատվածներում։ Հիմնականում խոսքը գնում է Հայաստանի հարավում իբր իրենց իրավունքների վերականգնման, գույքի սեփականության նկատմամբ ունեցած իրավունքների եւ, առհասարակ, ՀՀ տարածք վերադառնալու իրավունքի մասին»,- ասաց Կարապետյանը։ «Արեւմտյան Զանգեզուր» ասվածը հենց սա է, որը նրանց իրավունքների մասին է։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի բանաձեւին, ապա, որպես այդպիսին, Կարապետյանը դեռեւս չի տեսել նման տեղեկություն, որ պարտադրողական բանաձեւ լինի Հայաստանի Հանրապետության համար՝ ադրբեջանցիների վերաբնակեցման իրավունքներ շնորհելու վերաբերյալ։
Կարապետյանի տեղեկություններով՝ խոսքը գնում է 100-150 հազար ադրբեջանցիների մասին։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ պատճառահետեւանքային խնդիրներ կառաջանան, եթե այդքան ադրբեջանցի բնակեցվի Հայաստանում։ «100-150 հազար ադրբեջանցիների թիվը պետական օժանդակությամբ հնարավոր է կյանքի կոչել, եւ այդ քանակի մարդկանց բերել Հայաստանում բնակեցնելու։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ես շատ չակերտներ չբացեմ, թե պետության տեսանկյունից դա ինչ խնդիրներ կարող է առաջացնել։ Նրանք, որպես այստեղի բնակիչներ, պետք է նաեւ օգտվեն ընտրական իրավունքից եւ ունենան սեփականություն ու գույք, էլ չեմ խոսում հայերի եւ ադրբեջանցիների համագոյակցության մասին։ Պատկերացրեք, հայերի եւ ադրբեջանցիների մասին տարատեսակ վիճահարույց հարցերը, հատկապես՝ իրավական, գույքի եւ սեփականության հետ կապված՝ համայնքային հողերի, սեփական տների, որոնք ներկայացվելու են որպես պահանջ։
Դուք պատկերացրեք՝ այս պահի դրությամբ բացարձակ մեծամասնությունով մենք համարվում ենք մեկ ազգ՝ մեկ պետության տարածքում, այսինքն՝ մենք բազմազգ չենք, եւ արդեն ադրբեջանցիները կազմում են երկրում հաջորդ մեծամասնությունը՝ հայերից հետո։ Միայն մեկ ռիսկ նշեմ` Դուք պատկերացնո՞ւմ եք, որ հանկարծ, ինչը խիստ հավանական է, կենցաղային կամ ազգային, կրոնական հողի վրա գեթ մեկ ադրբեջանցի քաղաքացի զոհվի, ինչ-որ պատրվակով, թեկուզ՝ արհեստածին ստեղծված իրավիճակի պայմաններում, եւ ստացվում է, որ ադրբեջանական իշխանություններն ահազանգում են իրենց քաղաքացու բռնության եւ սպանության համար եւ դա պատրվակ ստեղծելով՝ հակաահաբեկչական օպերացիա կարող ենք անվանել, տարատեսակ անվանումներ կարող ենք տալ ու կարող ենք հասկանալ, թե դա ուր կտանի։ Ռիսկերը շատ մեծ են»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։
Կարապետյանը շեշտում է, որ Ալիեւը հենց այնպես չէր ասում, որ իրենք կարիք չունեին Շուշիից տանկերով մտնել Ստեփանակերտ, որովհետեւ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններն առաջնորդվում են «պատերազմ չլինի, ամեն ինչին էլ կհամաձայնենք» սկզբունքով։ Այսինքն՝ կարիք չկա զոհերի, պատերազմական գործողությունների։ Դրա համար էլ Ալիեւն ասում է, որ հաջորդը Զանգեզուրն է, եւ իրենք գալու են մարդատար մեքենաներով։ «Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները, առավել քան վստահ եմ, ինչպես պատրաստ էին Արցախը հանձնել եւ որեւիցե ձեւով՝ միջնորդային մասնակցություն չդրսեւորեցին Արցախի հանձնման գործընթացում, անկլավների հանձնման հարցում շատ լոյալ են՝ պատրաստ են հանձնել։
Նույնիսկ հետնաբեմային պատրաստակամությունը՝ 86.6-ը ճանաչելու մասին, արդեն իսկ խոսում է անկլավները հանձնելու մասին։ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի մեջ, որը Փաշինյանը մինչեւ տարեվերջ պատրաստ է ստորագրել, չնայած Ալիեւը դեռեւս ժամկետներ չի նշել, ամենայն հավանականությամբ, լինելու է կետ՝ փախստականների վերադարձի մասին։ Սակայն այդ կետերի մեջ կարծես որեւիցե կետ այս իշխանությունները չեն բարձրաձայնում, թե հայերի վերադարձը Գանձակ, Սումգայիթ, Բաքու ինչպես է տեղի ունենալու եւ, առհասարակ՝ Լեռնային Ղարաբաղ»,- ասաց Դավիթ Կարապետյանը։
Այլ հարց է, թե կկարողանա՞նք նման ձեւակերպում տալ, ու եթե նույնիսկ Ալիեւը հայտարարի, որ պատրաստ է ընդունել հայերին, հայերը, հաշվի առնելով էքզիստենցիալ վտանգները, բարոյահոգեբանական բոլոր ասպեկտները, գնան ու փորձեն իրենց իրավունքները վերականգնել Բաքվում, Սումգայիթում, Գանձակում եւ Լեռնային Ղարաբաղում։ Բայց այն, որ 100-150 հազար ադրբեջանցի պատրաստ է գալ, Հայաստանի տարածքում բնակվել, որովհետեւ նրանց իշխանություններն այդ հնարավորություններն ունեն, Հայաստանում դեմոգրաֆիական խնդիր լուծելու համար նրանք դա կարող են կազմակերպել։
Hraparak.am