Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ընտրական ցուցակում ընդգրկված, սակայն հետո ինքնաբացարկ ներկայացրած ավագանու անդամի թեկնածուների գրանցումը ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու հարցերը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Անդրանիկ Գասպարյանի, Արտակ Հովակիմյանի, Սամվել Ղուկասյանի, Վահե Հակոբյանի, Միքայել Օհանյանի, Արմեն Մհերյանի, Լուսինե Դայանի, Ռազմիկ Մկրտչյանի և Ռոման Համբարձումյանի գրանցումները։
Բացի այդ, ԿԸՀ-ն Երևանի քաղաքապետից ստացել է Երևան քաղաքի ավագանու անդամների մանդատները դադարեցնելու և լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հինգ արձանագրություն։
«Մայր Հայաստան» դաշինքից մանդատները վաղաժամկետ դադարեցրել են Դուստրիկ Մխիթարյանը և Ադրինե Ավագյանը։ Մանդատները կտրվեն «Մայր Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Քոչարյանին և Գրիգոր Իսկանդարյանին։
Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատները վաղաժամկետ դադարեցրել են Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը և Արամ Ազատյանը։ Մանդատները կտրվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Բարխուդարյանին, Հերմինե Ոսկանյանին և Զինա Չալիկյանին։