Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Տեր Աստված, ինչո՞ւ ենք մենք ազգովի, այսօր էլ արցախցիները դառնում այսպես ուղղորդվող, ծառերի հետևում անտառը չտեսնող, ողջամիտ մարդկանց թողած՝ արկածախնդիրներին ականջ դնող, հոնքն ուղղելու տեղն էլ աչքը հանող։ Արցախի մեր հարգելի, սիրելի, բռնագաղթված, հայրենիք, հույս և հավատ կորցրած մեր հայրենակիցներ, մի՛ կորցրեք ձեր ողջամտությունը, ինչո՞ւ եք գնացել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունն ներխուժելու, բոլոր նետերն ու ցասումը Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական գերությունից մազապուրծ իշխանությունների գլխին ջարդում․ նրանց իրական սխալները չափազանցրած, լուն ուղտ դարձրած՝ վտանգավոր ու սխալ պայքարի եք դուրս եկել։ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն իր թիմով չի հանձնել Արցախը, ձեզ և մեզ հայրենազրկել։ Աշխարհաքաղաքական մեծ համաձայնություն է կայացել Հայաստանի լուռ անգործունեությամբ և ամենավտանգավորը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարություններով։ Արցախի իշխանություններն ի զորու չէին դիմակայելու ՀՀ-ՌԴ-ԱՄՆ-ԵՄ համաձայնությանը և նոր Սաադամ Հուսեյն դարձած միջանզգային հանցագործ իլհամ ալիևի զավթողականությանը։ Բայց տեղի է ունեցել մի ճիշտ քայլ՝ արցախահայությունը միակամ լքել է ցեղասպանվող տարածքը, որպեսզի չիրականանա ադրբեջանաթյուրքական ծրագիրը՝ վերջնականապես փակելու Արցախի հակամարտությունը և ինքնորոշման իրավունքը՝ ձևացնելով, թե վերաինտեգրվում է արցախահայությունը, մի՛ լսեք սամվելբաբայանական ցնորքները, թե ադրբեջանի հետ՝ նրա կազմում իբր լավ ապրելու էիք, եթե չլինեին Արցախի փրկված և գերված ղեկավարները։ Այո՛, նրանք սխալներ են գործել, դրանց մասին պիտի խոսվի, բայց նրանք չե՛ն հայրենազրկման ազգադավ ծրագրի մասնակիցները, նրանք զոհերն են, քավության նոխազները։ Արցախահայությունը մայր Հայաստանում պիտի ինքնակազմակերպվի մեզ հետ, միասին պիտի պահանջենք միջազգային երաշխիքներ Արցախ վերդառանալու, Հայաստանը պահելու, ալիևին ցեղասպան և էթնիկ զտումների պատասխանատու ճանաչելու և դատապարտելու գործընթացը։ Մեզ ծանր օրեր են սպասվում, Հայաստանի օրակարգում կեղծ անկլավների՝ հայկական բնակավայրերի զիջումն է, որ ալիևի ռեժիմը որոշել է «ազատագրել», ինչպես արեց Արցախում, պիտի համախմբվենք՝ թացը չորից զատենք, այս անգամ էլ չսխալվենք, չհանձնվենք թշնամական որոգայթներին, մեր միասնական հայրենիքը մեր զգոնության և ողջամտության կարիքն ունի այսօր՝ առավել քան երբևէ»: