Արցախի նախկին նախագահների համաներումը միայն կլեգիտիմացնի Ադրբեջանի իշխանությունների հանցավոր անօրինական գործողությունները. Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թաթոյան» իրավունքի և արդարադատության հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
«Ադրբեջանի իշխանություններին այդ մարդիկ պետք են իրենց հանցավոր գործողություններն օրինականացնելու համար։ Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը մեղադրում է ահաբեկչության և անջատողականության մեջ, ընդ որում, ասվել է, որ ժողովրդի հետ խնդիրներ չկան։ Միանգամայն պարզ է, թե ինչ պայմաններում են Ադրբեջանի իշխանությունները ցուցմունքներ ստանալու և փորձելու են պնդել, որ իրենք հետապնդում էին այդ անձանց, այլ ոչ թե ժողովրդին։ Փաստերն այլ բան են հուշում։ Ադրբեջանը ֆաշիստական քաղաքականություն է վարում՝ պնդելով մի ժողովրդի գերակայությունը մյուսի նկատմամբ։ Միջազգային հանրությունն իրավունք չունի լեգիտիմացնելու Ադրբեջանի հանցավոր գործողությունները։ Որքան շատ միջազգային կազմակերպություններ դա անեն, այդ թվում՝ համաներման կոչ անելը, այնքան վատ»,- նշեց Թաթոյանը՝ հիշեցնելով, որ Բաքուն Հայաստանին մեղադրում է նաև Լեռնային Ղարաբաղի «ռեժիմը» ֆինանսավորելու մեջ, և պարզ է, թե ուր է տանում այդ տրամաբանությունը։
Թաթոյանը միանշանակ ընդգծեց, որ Արցախի նախկին ղեկավարներին պետք է ազատ արձակել, ոչ թե համաներել: Նրանց իրավական կարգավիճակը նույնպես լիովին պարզ չէ, չնայած, ամենայն հավանականությամբ, խոսքը գերության մասին է։
«Բայց տերմինաբանությունը չպետք է հանցագործության օրինականացման տեղիք տա։ Միաժամանակ փորձ է արվում կոտրել հայ ժողովրդին»,- ասաց Թաթոյանը։ Մեկ այլ օրինակ է Վագիֆ Խաչատրյանը։ Թաթոյանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է «դատավարության» ժամանակ, հակասում է միջազգային բոլոր պահանջներին՝ տղամարդուն նստեցրել են ակվարիումում՝ 4 ոստիկանների ուղեկցությամբ։ «Միջազգային կազմակերպություններին նրանց պահանջով Խաչատրյանի աշխատավայրից տեղեկանք ենք ներկայացրել։ Նա գյուղական կազմակերպությունում վարորդ էր աշխատում, ռազմական կառույցների հետ կապ չուներ։ Ավելին, մամուլում շրջանառված լուսանկարում, որտեղ, իբր, Խաչատրյանը սպանում է, իրականում ադրբեջանցի է պատկերված»,- ասաց Թաթոյանը։