Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3 հազար անձ է դուրս եկել Հայաստանից, այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից։ Չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված։ Գուցե, նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու։ Հույս ունեմ, որ շատ հստակ ենք այդ ուղերձը տալիս և նաև կոչ եմ անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին՝ որպես առաջնային պլան ունենալ Հայաստանի Հանրապետությունում մնալը», — ասել է Փաշինյանը՝ շարունակելով. — «Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար։ Այն դեպքում, երբ դե-ֆակտո ցանկություն կամ հնարավորություն չի լինելու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում»։
Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ կոչ է արել Լեռանյի Ղարաբաղից բռնի տեղահանվածներին Հայաստանից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան. — «Մենք ավելի քան 100 միլիոն դոլարի հատկացում ենք արել, ամենատարբեր ծրագրեր ենք իրականացնելու», — ընդգծել է Փաշինյանը:
Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո, վերջին տվալներով, 100 հազար 652 արցախցի հեռացել է Հայաստան, Արցախում, ըստ գնահատականների, մեկ-երկու տասնյակ հայ է մնացել: