Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրական Պուտինը» ներկա է եղել մայիսի 9-ին Կարմիր հրապարակում. Ճապոնացի հետազոտողներն «պարզել են», որ Պուտինը տարբեր առիթների «նմանակներ» է օգտագործում. Daily Mail

Ճապոնացի հետազոտողները ենթադրում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանրային ելույթների համար օգտագործում է մի քանի նմանակի: Նրանք այս եզրակացությանն են հանգել՝ հիմնվելով արհեստական բանականության միջոցով մանրամասն վերլուծության վրա:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նրանց հետազոտությունը հիմնված է արհեստական բանականության՝ ուժեղացված դեմքի ճանաչման, ձայնի համեմատության և մարմնի շարժումների ուսումնասիրության վրա: Հետազոտության արդյունքների համաձայն՝ կան մի քանի «պուտիններ», որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ ձայնն ու շարժուձևը:

Բրիտանական պարբերականը նկատում է, որ ՌԴ նախագահի` նմանակներ օգտագործելու վերաբերյալ պնդումները նոր չեն և հնչել են ինչպես ռուսական աղբյուրների, այնպես էլ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի կողմից, սակայն Կրեմլը դա հերքել է:

Ճապոնացի հետազոտողների պնդմամբ՝ «իրական Պուտինը» ներկա է եղել մայիսի 9-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա այս տարվա շքերթին:

Ընդ որում, դեմքի ճանաչման բարդ տեխնոլոգիան պարզել է, որ Կարմիր հրապարակում եղած Պուտինի և տասն ամիս առաջ Ղրիմի կամուրջ այցելած Պուտինի միջև համապատասխանումը ընդամենը 53 տոկոս է:

«Դեմքի ճանաչման մասնագետները շատ դեպքերում սա կհամարեն «անհամապատասխանություն», ինչը մեզ հանգեցնում է այն ենթադրության, որ դա կարող է նմանակ լինել», — ասվում է հետազոտողների զեկույցում:

Նրանք նաև համեմատել են Կարմիր հրապարակում եղած Պուտինին և մարտին Մարիուպոլ այցելած Պուտինին՝ պարզելով, որ «այս երկուսի» միջև դեմքի ճանաչման տեխնոլոգիան միայն 40 տոկոս նմանություն է գտել:

Միևնույն ժամանակ, Ղրիմի կամրջի վրա գտնվող Պուտինի և Մարիուպոլում գտնվող Պուտինի միջև եղել է ընդամենը 18 տոկոս նմանություն:

Մասնագետները նաև ձայնային վերլուծություն են անցկացրել Ճապոնիայի Ձայնային հաղորդակցության ինստիտուտի լաբորատորիայում, որը քրեական հետախուզման գծով սերտորեն համագործակցում է ոստիկանության հետ: Ձայնի կենսաչափական այս վերլուծությունը կենտրոնացել է ՌԴ նախագահի կողմից տարբեր վայրերում արտասանած «սպասիբո» (շնորհակալություն) բառի վրա:

Հետազոտողները կարծում են, որ տարբեր առիթներին Պուտինի հնչած ձայնը զգալի տարբերություններ ունի:

Փորձագետ Մուցուտոշի Մուրաոկայի խոսքով՝ ձայները մակերեսորեն նման են, սակայն վերլուծության գրաֆիկները ցույց են տալիս, որ դրանք կտրուկ տարբեր են:

«Այս պահին մենք պետք է նշենք, որ այս երկու ձայների՝ տարբեր մարդկանց պատկանելու հավանականությունը մեծ է», — եզրակացրել է նա:

Մարմնի շարժման վերլուծությունը՝ արհեստական բանականության ամենաթարմ տեխնոլոգիայի կիրառմամբ, նույնպես հանգեցնում է այն եզրակացության, որ Պուտինը հավանաբար օգտագործում է նմանակների, ենթադրում է ճապոնական վերլուծությունը:

Please enter a valid URL