Search
Close this search box.

Գեւորգ Ալթունյանը հայտարարություն է տարածել

Ենթադրյալ վատնումների համար մեղադրանքով կալանավորված ՀՀ ՊՆ Տ եւ ՀԿ վարչության նախկին պետ Գեւորգ Ալթունյանը հայտարարություն է տարածել «Վարդաշեն» ՔԿՀ-ից, որը NEWS.am-ին է փոխանցել նրա փաստաբան Գոռ Սաղոյանը։

Ալթունյանի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․

«Ինձ մեղադրում են մի ծրագրի «չգոյության» համար, որն, իր գոյություն ունեցող տեսքով, բազմիցս ներկայացվել է միջգերատեսչական տարբեր աշխատանքային խմբերի քննարկումներին, որի գոյության մեջ համոզվել են բազմաթիվ պաշտոնյաներ ՀՀ ամենատարբեր գերատեսչություններից, ինչպես նաեւ` 4 պաշտպանության նախարար, 3 ԳՇ պետ, ՊՆ մի շարք փոխնախարարներ ու վարչության պետեր, ՀՀ անվտանգության խորհրդի ԲՈԼՈՐ անդամները` ՀՀ վարչապետի գլխավորությամբ, եւ որի համար նույն վարչապետն անձամբ է ինձ շնորհակալություն հայտնել:

Ինձ մեղադրում են մի ծրագրի «չգոյության» համար, որի ներդրումը սաբոտաժի են ենթարկել որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ (պատրաստ եմ ներկայացնել անհրաժեշտ ապացույցները): Ինձ մեղադրում են մի ծրագրի «չգոյության» համար, որի ստեղծան, դրա` շատ ավելի մեծ, մեր երկրի ու զինված ուժերի մարտունակության բարձրացման համար ծայրահեղ կարեւորություն ներկայացնող, մեր նորանկախ պետության պատմության մեջ երբեւէ ստեղծված ամենամաշտաբային թվային համակարգի` զինված ուժերի Կառավարման ավտոմատացված համակարգի (ԿԱՀ) ստեղծման ծրագրերի վերաբերյալ կան հարյուրավոր փաստաթղթեր:

Եվ, վերջապես, ինձ մեղադրում են մի ծրագրի «չգոյության» համար, որի գոյության պատճառով (ըստ իմ արդեն հաստատ համոզմունքի), ինձ, փաստացի, հեռացրեցին պաշտպանության նախարարությունից` «կառուցվածքային բարեփոխումների» անվան տակ:

Ես, Գեւորգ Ալթունյանս, ՀՀ ԱԽ հաստատած` ՀՀ զինված ուժերի ԿԱՀ կոնցեպտի հեղինակն եմ: Այն համակարգն է, որի ստեղծումը ներառված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում, ինչի մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է անձամբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ հիմա ինձ մեղադրում են մի բանի մեջ, որի համար ինձ առնվազն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան պետք է տային: Բայց ուզում են տալ 8 տարի… Ուստի` տամ մի քանի պարզ հարց.

  1. Ինչո՞ւ եւ ո՞ր պաշտոնյայի պատճառով է շուրջ կես տարի ձգձգվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ գործող` Թվայնացման խորհրդի ընդամենը մեկ, կես ժամ տեւողությամբ եւ իրականում զուտ արարողակարգային, ֆորմալ բնույթ կրող նիստի անցկացումը, այն դեպքում, երբ կար վարչապետի հստակ հանձնարարական եւ 2021թ. սեպտեմբերի 10-ին կայացած ԱԽ նիստի որոշում, ըստ որի` հաստատվել էր ԶՈւԿԱՀ ներդրման ժամանակացույցը, ըստ որի էլ՝ ծրագիրը պետք է սկսեր ներդրվել 2022 թ. հունվարից, հետեւաբար, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ, Զորակոչի «գոյություն չունեցող» ծրագիրն արդեն կիրառված կլիներ երեք զորակոչերի ընթացքում: Ինչպե՞ս կարող էր փաստացի` տապալվել երկրի համար ծանրագույն ժամանակահատվածում կենսական կարեւորություն ներկայացնող ԶՈւ ԿԱՀ ներդրման արդեն իսկ հաստատված ժամանակացույցը` ընդամենը մեկ, ֆորմալ նիստի անցկացումն արհեստականորեն կես տարի ձգձգելու հետեւանքով: Արդյո՞ք որեւէ մեկը պատասխանատվություն կրել է ԱԽ հաստատած` ԶՈւԿԱՀ ներդրման ժամանակացույցի փաստացի տապալման համար:
  2. Ինչո՞ւ, եւ ՊՆ, ինչպես նաեւ փոխվարչապետ Մ.Գրիգորյանի աշխատակազմի ո՞ր պաշտոնյաների ակտիվ միջամտությամբ է կասեցվել ԱԽ նիստում վերջնական հավանություն ստացած ԶՈւԿԱՀ ծրագրի ներդրման գործընթացը` «լրացուցիչ քննարկումներ անցկացնելու» բացարձակ արհեստական պատճառաբանությամբ, այն դեպքում, երբ կար վարչապետի հանձնարարական, ըստ որի` պետք է ՊՆ-ն ներկայացներ ծրագրի իրականացման առաջին փուլի ֆինանսական հայտը, փոխվարչապետ Մ.Գրիգորյանն, իր հերթին, պետք է ապահովեր հայտի բավարարումը, իսկ ԶՈւԿԱՀ-ը, նույնիսկ ամիսներ տեւած արհեստական ձգձգումներից հետո, այդուհանդերձ, պետք է սկսեր ներդրվել 2022թ. սեպտեմբերից:
  3. Ինչո՞ւ եւ ո՞ր պաշտոնյաների անմիջական եւ ակտիվ մասնակցության հետեւանքում է ԶՈւ ԿԱՀ ծրագիրը ենթարկվել արմատական փոփոխությունների. ծրագրից դուրս են մնացել բոլոր այն մոդուլները, որոնք որեւէ կերպ առնչվել են ԶՈւ նյութական արժեքների, սպառազինության, սննդի եւ թիկունքի պահեստների թվայնացմանը, հաշվառմանը եւ կառավարմանը, գնումների գործընթացի վրա թվային վերահսկողության սահմանմանը: Ու՞մ էր խանգարում կամ անհանգստացնում ՊՆ եւ ԶՈւ ահռելի գումարներ կազմող նյութական միջոցների, ինչպես նաեւ գնումների ողջ գործընթացի վրա վերահսկողություն հաստատող, հետեւաբար` այդ գործընթացներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, վատնումներն ու պետական միջոցների փոշիացումը կանխող թվային գործիքակազմի ստեղծումը:
  4. Ինչո՞ւ եւ ո՞ւմ միջամտության արդյունքում է ԶՈւԿԱՀ-ից ընդհանրապես հանվել Մարտի կառավարման (մարտական գործողությունների պլանավորման սիմուլացիոն համակարգ) մոդուլը, այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմն ապացուցեց նման համակարգի առկայության ծայրաստիճան կարեւորությունը։
  5. Ի՞նչ հիմնավորմամբ եւ ՊՆ ո՞ր պաշտոնյան է կասեցրել ԶՈւԿԱՀ փաստացի ներդրումը` իբր գործարքը մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերելու աննպատակահարմարության հիմնավորմամբ, այն դեպքում, երբ նշված խնդիրը համակողմանիորեն քննարկվել էր ԱԽ նիստին եւ առկա է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանձնարարականը` նշված ընկերության հետ մեկ անձից գնման ընթացակարգով ծառայությունների ձեռքբերման պայմանագրի նախագիծ պատրաստելու վերաբերյալ: Ինչո՞ւ է, այդուհանդերձ, նույն ընկերության հետ նույն` մեկ անձից գնման ընթացակարգով կնքվել մեկ այլ պայմանագիր` արդեն էապես, շուրջ 80 տոկոսով կրճատված ծրագիր ստեղծելու վերաբերյալ: Փաստացի, եթե պայմանագիրն, այդուհանդերձ, պետք է կնքվեր մեկ անձից գնման ընթացակարգով եւ նույն ընկերության հետ, արդյո՞ք ինքնաբերաբար չի նշանակում, որ ԶՈւ ԿԱՀ ներդրման շուրջ ձգձգումներն ու արհեստական խոչընդոտներ ստեղծելը պայմանավորված էին ընդամենը ԶՈւ ԿԱՀ նախագծից «անցանկալի», ֆինանսատնտեսական ուղղությունների վրա թվային վերահսկողություն հաստատող մոդուլները դուրս թողնելու մղումով:

 

  1. Եթե նշված ենթադրությունը հիմնավոր է, արդյո՞ք գործ չունենք որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ԶՈւ ԿԱՀ ներդրման գործընթացը անհիմն պատճառաբանություններով կանխամտածված սաբոտաժի ենթարկելու, հետեւաբար` ՀՀ ԶՈւ մարտունակության բարձրացման հետ կապված վերջին տարիների կարեւորագույն բարեփոխումը տապալելու հանցավոր մտադրության հետ:
  2. Ո՞ր պաշտոնյաների մեղքով է, փաստացի, գրեթե 2 տարի ձգձգվել ԶՈւ ԿԱՀ ծրագրի ներդրումը, եւ այն նոր է միայն սկսում իրականացվել` բոլորովին այլ, էապես կրճատված տեսքով: (Եթե ի սկզբանե ծրագիրն ուներ 2 մեծ բաղադրիչ, որոնցից միայն մեկն ուներ շուրջ մեկ տասնյակ մոդուլ, ապա հիմա, փաստացի, իրականացվելու է ընդամենը մեկ բաղադրիչի մոդուլներից մեկի մի մասը):
  3. Եթե ծրագիրը «գոյություն չունի», ապա ի՞նչ են տեսել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԽ նիստի մնացած անդամները եւ ինչի՞ն են հավանություն տվել:
  4. Վերջին հարցը. ինչո՞ւ են իմ բոլոր «ձախորդությունները», տարօրինակ զուգադիպությամբ, սկսվել իմ հեղինակած «Առաքել» պիեսի բեմադրությունից հետո:

Հ.Գ. Ես որեւէ մեկին թույլ չեմ տա խաղալ իմ անվան հետ` անկախ նրա ով եւ ինչ լինելուց եւ մինչեւ վերջ կռիվ կտամ դրա համար: Իմ կյանքում թույլ տված ամենամեծ «հանցանքը» ՃՏՊ մանր-մունր խախտումներն են եւ վերջ: Երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս անհեթեթ պատմության սկզբից եւեթ կանգնած են կողքիս:  Ինչպես կասեր իմ սիրելի Ջավախք աշխարհի պարծանքը` Ջիվանին, «ձախորդ օրերը կուգան ու կերթան»: Բայց նաեւ հավելեմ. «ձախորդ բրուտոսներն էլ, ձմռան նման, կուգան ու կերթան»:

Please enter a valid URL