Հայաստանը ներկայումս չի դիտարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Այս պահին մենք չենք քննարկում այդ հարցը»,– պատասխանեց նա` ի պատասխան լրագրողների հարցադրումների, թե արդյոք կա՞ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն։
Նշենք, որ ռուսական ոչ պաշտոնական աղբյուրները Փաշինյանի` Եվրախորհրդարանում ելույթն անվանել են անպատասխանատու և սադրիչ, հատկապես` Ռուսաստանին և հայ–ռուսական հարաբերություններին վերաբերող։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Նա Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար մեղադրեց ՌԴ խաղաղապահ զորախմբին ու ՄԱԿ–ին։ Նա նաև հայտարարեց, թե այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ–ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։