Այսօրվա իրադարձությունը կարեւոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար եւ վկայում է այդ հարաբերությունների բարձր դինամիկայի մասին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստարսբուրգում ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարեւոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեքային համակարգի վրա եւ ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարական ընտրություն է, ոչ թե հանգամանքներով թելադրված պատեհություն: Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ չենք ուզում դա որեւէ կերպ հակադրել մեր տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականի հետ: Այ առումով հենման կետերը քիչ չեն:
Հայաստանի կառավարությունը հանձնառու է Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը: Վստահ եմ, որ ԵՄ-ն եւ Հայաստանը չեն սպառել համագործակցությունը որակական նոր բովանակությամբ համալրելու, այն ընդլայնելու եւ նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները»,-ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում ավելացել են նաեւ անվտանգային բաղադրիչ՝ ի դեմս ԵՄ քաղաքացիական առաքելության, որը մոնիտորինգ է իրականացնում Ադրբեջանի եւ Հայաստանի պետական սահմանի երկայնքով:
«Եվրոպական քաղաքական համայնքի Գրանադայի գագաթնաժողովի եւ այսօրվա քննարկումների եւ ձեր ելույթի հայտարարության արդյունքում ակնհայտ է, որ ԵՄ ինսիտիտուտների շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ առկա է կոնսենսուս:
Հայաստանը նաեւ շահագրգռված է միջազգային իրավակարգի խթանման եւ արգացման հարցում: Հոկտեմբերի 3-ին ՀՀ խորհրդարանը վավերացրեց Միջազգային քրեական դատարանի հիմնարար փաստաթուղթ հանդիսացող Հռոմի կանոնադրությունը: Այս իմաստով նշնակալի է նաեւ սեպտեմբերի 12-ին Հայաստանի խորհրդարանի կայացրած որոշումը՝ վավերացնել մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին թիվ 13 արձանագրությունը:
Մի շարք մարտահրավերների հաղթահարման գործում ակնկալում ենք ԵՄ ծանրակշիռ աջակցությունը։ Այդ շարքում խոսքն Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում առաջացած հումանիտար պրոբլեմների հաղթահարման մասին է, որտեղ մենք հրատապ աջակցության կարիք ունենք»,- ասաց Ն.Փաշինյանը։