Աշտարակ-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 7 տարեկան երեխա է մահացել, ևս մեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը պատահարի մասին ահազանգը ստացել է երեկ` ժամը 21։59-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1987 թ․) և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Ս., ծնված 1966 թ․)՝ բեռնված տուֆով:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն. Գ.-ն (ծնված 2016 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ արձանագրվել է Ն. Գ.-ի մահը, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել բեռնատարի գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների հետ համատեղ ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը։