Search
Close this search box.

Ամեն ինչ կորցրինք, հայրենազուրկ դարձանք, բայց չկարողացանք համընդհանուր սուգ հայտարարել մեր զոհերի, սրբացված երկրի կորստյան համար. Արցախցու դառը խոստովանությունը

Արցախ կորցրինք, հայրենիք թե ծննդավայր, տունուտեղ թե ունեցվածք, աշխատատեղ թե աշխատանք…Ամեն ինչ կորցրինք, մարդկային թե հայրենյաց կորուստներով հայրենազուրկ դարձանք` փռվելով այս ու այն կողմ, բայց չկարողացանք համընդհանուր սուգ հայտարարել մեր զոհերի, սրբացված երկրի կորստյան համար։
Բոլորս սգավոր ենք, բայց ժամանակ չունեցանք հինավուրց երկրի համար համատեղ սգալ, երբ բազում հոգսերի մեջ խրվեցինք։ Այսպես էր նաև Արցախում, երբ հայրենիք կորցնելու վտանգի տակ էինք, բայց խանութների հերթերում։

Սովամահությանը դիմադարձ` հացի խնդիրն առաջնային դարձավ, որ սովից չմեռնենք, երբ ճաքճքած հողը փրկություն էր աղերսում։

Բռնատեղահանվածներիս հոգսերը շատացել են, այնպես չի, որ մայր Հայաստանի գրկում մեզ վայելուչ կյանք է սպասվում։ Հարցնենք` ովքե՞ր ինչերի կարիք ունեն, հազարավորներ կարձագանքեն, ովքե՞ր են վաղվա օրվա անորոշությամբ, բոլոր բռնատեղահանվածները կբարձրաձայնեն…

Չեմ մանրամասնի, թե ինչերի ենք բախվում այն նվիրական հոգատարության կողքին, որ ցուցաբերվում են հայրենազուրկներիս հանդեպ։ Բայց, միևնույն է, երբ հայրենիք չունենք, երևի թե մի երկու բառով արտահայտեմ այն իրականությունը, որում կանք` ՄԵՆՔ ՈՐԲ ԵՆՔ։

Ու իմ ջանքերը` այդ որբությունը հաղթահարելուն են նվիրված, որ մեր ներսում մեր սուգը տանենք` չխանգարելով մեր շուրջը թե աշխարհում <<քաղաքակիրթ>> ապրողների հանգիստը։

Please enter a valid URL