Search
Close this search box.

Ու՞ր են Առուշ Առուշանյանին քննադատողները, քանի՞ արցախցու են տնավորել

Ու՞ր են այն հզոր քաղաքական գործիչները, ովքեր ընդամենը մեկուկես ամիս առաջ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին սկզբունքայնություն էին սովորեցնում, ինչո՞վ են հիմա նրանք զբաղված: Շարունակում են խոսել, ինչպես խոսել են տարիներ շարունակ՝ ոչինչ չանելով: Քաղաքականության նպատակը խոսելը չէ, այլ գործելը, երբ քաղաքականությունը վերածվում է դատարկ զրույցի, դրանով զբաղվողները պատուհաս են դառնում սեփական ժողովրդի և հայրենիքի համար:

Գորիսն առաջինն ընդունեց 44-օրյա պատերազմի արհավիրքից փախչող և ապաստան փնտրող արցախցիներին:

2020 թվականին 11 հազարից ավելի արցախցիներ ապաստանեցին Գորիսում, որոնց մի մասը պատերազմի թվացյալ ավարտից հետո վերադարձավ Արցախ, իսկ մի մասը շարունակեց մնալ Գորիսում՝ համալրելով գորիսցիների շարքերը: Քաղաքի իշխանությունները ամեն ինչ արեցին՝ նրանց կյանքը և կենցաղը հնարավորինս կարգավորելու համար:

Գորիսն առաջինը դիմավորեց սեպտեմբերի 19-ից սկսված Մեծ հայրենազրկումը: 100 հազարից ավելի արցախցիները առաջին օգնությունը ստացան Գորիսում, առաջին բուժօգնությունը, առաջին հուսադրող խոսքը լսեցին Գորիսում: Նրանց մեծ մասը տեղափոխվեցին Հայաստանի տարբեր քաղաքներ և գյուղեր, բայց առնվազն 2 հազար արցախցի մնաց Գորիսում:

Շատերը նրանցից, ովքեր ժամանակավոր կացարան են գտել Հայաստանի տարբեր քաղաքներում, կրկին ուզում են հետ վերադառնալ Գորիս: Մի մասը որովհետև տեսել է, թե ինչ հարազատ ու հոգատար են իրենց վերաբերվել Գորիսում, մի մասը՝ Գորիսում մնացած իրենց բարեկամ ծանոթներից են տեղեկանում, թե ինչ վերաբերմունք կա արցացիների նկատմամբ:

Մարդիկ իրար պատմում են թե լավը, թե վատը, համեմատում են իրենց ապրածն ու տեսածը, և ըստ դրա վերաբերմունք է ձևավորվում:

Գորիսը ամենամոտն է Արցախին, երևի նաև դրանից է, որ արցախցիների մեծ մասը, նույնիսկ նրանք, ովքեր վախենում են վերաբնակվել սահմանամերձ շրջաններում, վախենում են կրկին վերապրել պատերազմի և գաղթի արհավիրքը, ցանկանում են ապրել Գորիսում՝ հարազատ միջավայրում, հնարավորինս մոտ Արցախին:

Մենք չենք ուզում գրել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասին, ով ամեն ինչ անում է, որ արցախցիները հնարավորինս հարմարավետ տեղավորվեն, լուծվեն նրանց կենցաղային կարիքները, կարողանան ինտեգրվել նոր միջավայրին, իրենց օտար ու օտարված չզգան: Մենք ուզում ենք հարց տալ, իսկ ուր են Առուշանյանին քննադատողները, իսկ ինչով են նրանք զբաղված, քանի արցախցու են տնավորել, քանիսին են օգնել, քանի արցախցու տուն են մտել և հարցրել՝ թէ ինչով կարող են օգնել:

Այս հարցն, իհարկե, հռետորական է, որովհետև մենք այդ մարդկանցից պատասխան չենք ակնկալում, մենք այդ հարցի պատասխանը շատ լավ գիտենք:

Մինչ Առուշանյանը զբաղված էր արցախցիներին տեղավորելով, նրանց հոգսերը հոգալով, սնունդ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հասցնելով, այդ մարդիկ զբաղված էին համաժողովրդական ցասումն ու ընդվզումը մաշեցնելով, ընդդիմադիր ժողովրդին Երևանի փողոցներով ման տալով ու տուն ուղարկելով, մինչև որ մարդիկ հիասթափվեցին ու հոգնեցին:

Չենք բացառում, որ նրանք էլ իրենց 30 արծաթը ստացան Արցախը հայաթափելու, արցախցուն հայրենազրկելու գործից: Սա՞ է իսկական սզբունքայնությունը, սա՞ է իսկական ընդդիմադիր վարքագիծը` ընդդիմադրի դիմակի տակ թաքնվելն ու սրան նրան քննադատելը, ոհամով մեկի վրա հարձակվելը, տակից իշխանության հետ համաձայնեցված խաղալը, ժողովրդին խաբելը, և եթե պետք է՝ բոլորին քննադատես, սևացնես, հռչակես դավաճան և անսկզբունքային, որ մտածեն, թե դու ես միակ հայրենասերն ու սկզբունքի մեռածը:

Հիմա ուր են հզոր ընդդիմադիրները, ինչո՞ւ էլ հրապարակներում չեն, ամբիոնների մոտ, բարձրախոսները՝ ձեռքին: Այլևս ասելիք չունե՞ն, թե՞ իրենց անելիքն արեցին, վերջացրին:

Մյուս անգամ, երբ սրանք ինչ-որ մեկի մասին ինչ-որ բան կասեն, լինի դա Առուշ Առուշանյանը կամ ուրիշ մեկը, թող հիշեն, թե իրենք ո՞վ են և ինչով են հայտնի, իսկ եթե չհիշեն կամ որոշեն մոռացության տալ, մենք անպայման կհիշեցնենք:

ArmLife.am

Please enter a valid URL