Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի «Մուտք թե ելք. երկրները Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ» խորագրով քննարկմանը եւ անսպասելի բարդ ու տհաճ իրավիճակում հայտնվել: Դա, սակայն, ոչ թե ադրբեջանցի մասնակցի հարցի, այլ «Եվրասիական խմբի» նախագահ ու հիմնադիր Յան Բրեմերի հարցի պատճառով էր:
Բրեմերը փորձել է պարզել՝ Սերժ Սարգսյանն ափսոսու՞մ է, որ 2013 թվականին մերժել է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը եւ մտել է Եվրասիական միություն եւ ինչպե՞ս է մտադիր վարվել նոր պայմաններում:
Այժմ ձեզ օրինակ են բերում, սակայն դուք ափսոսու՞մ եք տեղի ունեցածի համար: Ռուսաստանի ճնշում կա՞ր: Դա էլ հենց նոր մոդե՞լն է, հարցրել է Յան Բրեմերը:
Սերժ Սարգսյանը անորոշ պատասխան է տվել՝ արդարանալով եւ մեղադրելով Եվրոպային, այնուամենայնիվ «խոստովանելով», որ Հայաստանը ԵՏՄ-ից դրական արդյունք է ստացել:
Յան Բրեմերը շարունակել է. «2018 թվականն է, մենք գիտե՞նք որոնք են մարտահրավերները»: Այլ կերպ, եվրոպացի քաղաքական գործիչը հարցրել է՝ Սերժ Սարգսյանը համարո՞ւմ է, որ Հայաստանի եվրասիական ընտրությունը թուլացրել է սպառնալիքներն ու մարտահրավերները: Ըստ ամենայնի, նա ցանկացել է հիշեցնել 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին, եւ որ Ադրբեջանի նախագահը հավակնություններ ունի արդեն ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Երեւանի ու Զանգեզուրի նկատմամբ:
Սերժ Սարգսյանն այդ հարցին էլ չի պատասխանել:
Այդ ժամանակ Բրեմերը տվել է գլխավոր հարցը. «Ռուսներն ու թուրքերն այժմ նորից սկսել են սիրել միմյանց: Եվ ուրեմն` դուք ավելի շատ հնարավորություննե՞ր ունեք»:
lragir.am