Search
Close this search box.

Փաշինյանը մեծ պատվիրակությամբ պետք է մեկնի Մոսկվա ու մի քանի օր բանակցի Պուտինի հետ

Վահե Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Բարդ, սակայն ոչ անլուծելի իրավիճակ․ ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ «պատրաստ է գալ Հայաստան կամ ՌԴ-ում ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ հնարավորություն լինի»: Այս հայտարարությանը հաջորդել է մեկ այլ, մեզ համար վտանգավոր հայտարարություն Կրեմլից, որ «խաղաղության բանակցությունների հարցում Բաքուն կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը դեռ կողմնորոշվում է»: Ինչո՞վ է այս հայտարարությունը վտանգավոր, քանի որ Ալիևը կարողացել է առավելագույնը պոկել արևմտյան հարթակից ու այժմ փորձում է իր մյուս խնդիրները լուծել Մոսկվայում, իսկ Մոսկվան, տեսնելով, որ Փաշինյանը ցուգցվանգի մեջ է, քանի որ արևմտյան հարթակում իր մտածած կոմբինացիան չի աշխատել, ինչի վկայությունն է Գրանադայում տապալված հանդիպումը, այս հայտարարությամբ հավելյալ ճնշում է գործադրում Փաշինյանի վրա և նրան ներկայացնում է որպես ոչ այնքան կառուցողական կողմ՝ սրանով իսկ նրան մեղավոր ու պատասխանատու հռչակում հետագա հնարավոր էսկալացիաների համար։ Այ սա Փաշինյանը պետք է շատ լավ հասկանա, նա պետք է գիտակցի, որ եթե շարունակի սխալվել, արդեն իսկ ընտրված է որպես մեղավոր։

Դիվանագիտական լեզվից թարգմանաբար Պուտինի հայտարարությունը նշանակում է՝ «Հարցեր կան, որ պետք է լուծումներ տանք, արի, խոսենք, հասկանանք՝ ինչ ենք անում»։

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ պատվիրակությամբ աշխատանքային այց նախաձեռնի Մոսկվա, բանակցային մեծ փաթեթով ուղևորվի Կրեմլ և ծանր՝ մի քանի ժամ կամ մի քանի օր տևողությամբ բանակցությունների մեջ մտնի Պուտինի հետ՝ քննարկելով ինչպես հայ — ադրբեջանական խնդիրները, այնպես էլ հայ — ռուսական հարաբերությունների ամբողջ ծավալը, քանի որ ակնհայտ է, որ հայ — ռուսական հարաբերություններում տարիներ շարունակ մեծ բացեր են առաջացել, թյուրըմբռնումներ կան տարբեր հարցերի շուրջ՝ տնտեսականից մինչև անվտանգային, և դրանք ևս հստակեցումներ են պահանջում։ Հայ — ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասով Հայաստանը խաղալու բավականին մեծ տեղ ունի, որովհետև Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել հայ — ադրբեջանական բանակցությունների համար, ինչպես նաև հանդիսանալ միջնորդ՝ սրանով իսկ իր վրա վերցնելով պատասխանատվություն։

Նիկոլ Փաշինյանի կողմից ճիշտ քայլ կլինի Մոսկվա գնալը, խաղաղության պայմանագրի մասով բոլոր նրբությունները Պուտինի հետ քննարկելը, խոսքը ամենացավոտ կետերի՝ միջանցքի ու դելիմիտացիայի ու դեմարկացիայի քարտեզների մասին է, Պուտինի հետ գա համաձայնության, այնուհետև հրապարակավ հայտարարի, որ հենց հիմա, հենց այս պահին պատրաստ է ստորագրել այն փաստաթուղթը, որը Պուտինը կդնի սեղանին։

Այդ հայտարարությունը նա կարող է կատարել հենց Պուտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ հրապարակային։ Սա անելու դեպքում Փաշինյանը, հետևաբար Հայաստանը մաքուր է դուրս գալիս խաղից, այլևս Հայաստանի հասցեին որևէ մեղադրանք չի կարող ուղղվել, Փաշինյանը կարող է հայտարարել, որ եթե դուք հայտարարում էիք, որ Բաքուն կառուցողական է, իսկ Երևանը դեռ կողմնորոշվում է, ապա Երևանը կողմնորոշված եկել է ու հենց հիմա պատրաստ է փաստաթուղթ ստորագրել։ Սրանով Փաշինյանն իր վրայից կմաքրի «չկողմնորոշված կողմի» և «հռչակված մեղավորի» պիտակները՝ դառնալով այն կառուցողական կողմը, որը առաջինն է հայտարարել Մոսկվայի ներկայացրած փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին։ Այս ամենից հետո Ռուսաստանն անգամ տեսական հնարավորություն չի ունենա Փաշինյանի ու Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնել։ Հետևաբար, Մոսկվան ստիպված կլինի լուծման գնալ, քանի որ տվյալ պարագայում նա դառնում է իրավիճակի, ինչպես նաև հնարավոր հետագա էսկալացիաների գլխավոր պատասխանատուն։

Սա շատ բազմաշերտ, բազմաքայլ ու բարդ կոմբինացիա է, որը եթե Փաշինյանը կարողանա խաղարկել, նա, նախ, կկանխի Հայաստանի դեմ ագրեսիան կամ առնվազն կնվազեցնի դրա հնարավորությունը, այնուհետև ամբողջ պատասխանատվությունը կդնի, որպես միջնորդ, Մոսկվայի ու անձամբ Պուտինի վրա։

Չափազանց դժվար իրավիճակ է ստեղծվել, ժամանակն էլ շատ քիչ է՝ ընդամենը մի քանի ամիս։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ճիշտ գնահատել իրավիճակը, հաշվարկել, վերցնել պատասխանատվություն ու գնալ լուծման։ Այստեղ պետք է առանցքային լինի հետևյալ մոտեցումը․ Հայաստանը խնդիր ունի իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով, այլ ոչ թե որպես հաղթող։ Մենք արդեն պարտվել ենք և չպետք է պատրանքներով ապրենք։ Մեր խնդիրը ամենաքիչ կորուստներով լուծում գտնելն է։ Չենք կարող կրկնել պատմական սխալները, գնալ անիրատեսականի հետևից, կորցնել Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքի ու Տավուշի կեսը ու այնուհետև արդեն հետահայաց ասել, որ եթե ժամանակին վատ թվացող լուծման գնայինք, այս իրավիճակը չէր լինի։

Որպես քաղաքացի՝ ես և վստահ եմ, որ շատերը, անգամ Փաշինյանին ատող շատ մարդիկ այս հարցում պատրաստ են կանգնել նրա կողքին, քանի որ սա պետության գոյություն ունենալու կամ կործանվելու հարցն է, ստեղծել հասարակական աջակցություն և գնալ այդ ծանր լուծմանը։ Մենք հապաղելու ժամանակ չունենք, սակայն եթե Փաշինյանը երկիրը տանի աղետի ճանապարհով, այլ ելք չի մնալու, քան համատարած փողոց դուրս գալը և նրան փողոցով հեռացնելը, ինչը պետության համար լինելու է շատ ցնցումային և ցավոտ գործընթաց, որից, կարծում եմ, պետք է խուսափել, հետևաբար այս պահին Նիկոլ Փաշինյանը պարտավոր է կարևոր որոշում կայացնել, նա գոնե այս պահին դեռ կարող է հասարակական աջակցություն ստանալ այդ հարցում։

Please enter a valid URL