Իրանը Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ բախման չի գնա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։
Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությունը «կարմիր գիծ» է Թեհրանի համար: Հոկտեմբերի 1-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն անկայունության կբերի և կխորացնի ճգնաժամը:
Գասպարյանի խոսքով` Թեհրանն արդեն լուրջ քայլ է արել Կապանում հյուպատոսություն բացելով։ Սակայն թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեպքում հազիվ թե կարելի է ինչ-որ ռազմական միջամտություն ակնկալել։
««Կարմիր գծերի» մասին բոլոր հայտարարությունները, որ անում է իրանական կողմը, այդպես էլ խոսքեր են մնում։ Չեմ կարծում, որ Հայաստանի տարածքի պատճառով Իրանը Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների կգնա։ Նրանք կրկին կսահմանափակվեն հայտարարություններով»,-նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով` բացառված է, որ Թեհրանը պատերազմ սկսի ՆԱՏՕ-ում թվաքանակով երկրորդ բանակի հետ։
Գասպարյանը մեկնաբանեց նաև Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհի վերաբերյալ Թուրքիայի հռետորաբանության փոփոխությունները։
«Այս փուլում տարբեր հայտարարություններ կարող են արվել, մասնավորապես` Թուրքիայի կողմից, որը փայլուն դիվանագիտություն է վարում։ Նրանք ունեն Հայաստանի միջով տարբերակը, որը նշված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, բայց այնտեղ «միջանցք»բառը չկա: Խոսքը հաղորդակցությունների բացման մասին է, դրան, ըստ փաստաթղթի, պետք է հետևեն ՌԴ ԱԴԾ սահմանապահները»,- ասաց Գասպարյանը։
Էրդողանը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» և Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Հիմա Թուրքիան ու Ադրբեջանը, ըստ վարչապետի նախկին խորհրդականի, մտածում են երկրորդ տարբերակի մասին` Իրանով, բայց պետք է հաշվի առնել մի փաստ. Անկարայի և Բաքվի ստորագրած Շուշիի հռչակագրում նշված է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։
Ստացվում է, որ երկու երկրներն իրենց պայմանագրում նշում են «միավոր», որն այլ երկրի տարածք է։ Ավելին, թյուրքական պետությունների կազմակերպության վերջին հանդիպմանը Հայաստանը ևս մեկ դիվանագիտական ձախողում ունեցավ. ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամներ Ղազախստանն ու Ղրղզստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին փաստացի ընդունեցին Հայաստանի ինքնիշխան տարածքին վերաբերող ձևակերպում։
«Այս ամենը խոսում է այն մասին, որ Բաքվի և Անկարայի ծրագրերը չեն փոխվել։ Նրանք կարող են քննարկել այլ նախագծեր, քննարկել դրանք Իրանի հետ։ Դա դիվանագիտական ճկունություն է` հասկանալու համար, թե որ տարբերակն է ավելի ձեռնտու»,-ասաց Գասպարյանը։
Սեպտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան հնարավոր ամեն բան կանի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացման համար: Միաժամանակ նա նշել էր, որ եթե Հայաստանը չմասնակցի այդ նախագծին, ապա ճանապարհը կարող է անցնել Իրանի տարածքով։