Արցախի զավթումից հետո մի շարք հանրային գործիչներ հարց բարձրացրին՝ Արցախի պետական համալսարանը որպես կառույց պահպանելու եւ գործունեությունը ՀՀ-ում շարունակելու մասին։
Այդ մասին իր էջում գրեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ պատրաստակամություն հայտնելով անվճար դասավանդել Արցախի համալսարանում։ Բազմաթիվ մասնագետներ միացան նրան, քննարկում ծավալվեց՝ անվճար դասավանդելու պատրաստ անհատների քանակը շատ էր։ Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արցախի պետական համալսարանը կայացած ինստիտուտ է, կայացած գիտակրթական հաստատություն։ Իսկ մենք նման հաստատություններ շատ չունենք, որ այդպես հեշտությամբ լուծարենք։
«Հասկանալի է, որ Արցախի պետհամալսարանը, ըստ էության, ցրելը, միանգամից հայտարարելը, որ ուսանողներին կտեղավորեն այլ բուհերում, իսկ դասախոսների մասին ոչ մի բան չի ասվել պետության ներկայացուցիչների կողմից, նույնիսկ խոսակցություններ կան, որ հատուկ քաղաքականություն է՝ չթողնել Արցախի որեւէ հաստատություն՝ թեկուզ վտարանդի կարգավիճակում, մնա։ Ըստ այդմ՝ փորձում են Արցախի պետական համալսարանը փոշիացնել, լուծարել։ Հասկանալի է, թե ինչու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը՝ ցանկացած կազմակերպված ուժ ասեմ, սպառնալիք ասեմ, դիտարկում է իր համար պոտենցիալ սպառնալիք, առավել եւս՝ եթե դա կապ ունի Արցախի հետ»,- ասաց նա։ Բայց Հայաստանում կան ծագումով արցախցի գործարարներ, մեծահարուստներ, ովքեր կարող են միջոցներ տրամադրել՝ Արցախի համալսարանը պահպանելու համար։ Ի վերջո, համալսարանն ունի ՀՀ պետական լիցենզիա՝ մինչեւ 2025 թվականը, կան ուսանողներ, որոնք դիպլոմային, մագիստրոսական աշխատանքներ են սկսել գրել։ «Հիմա այդ մարդիկ այդ ամենը պիտի դնեն մի կողմ ու ինչ-որ մի կերպ այլ բուհում կիսատ-պռատ ավարտե՞ն․ ես դա սխալ եմ համարում»,- ասաց փորձագետը։
Նրա գրառմանն արձագանքել են ու անվճար դասավանդելու պատրաստակամություն են հայտնել մի քանի տասնյակ մարդիկ։ Կա նաեւ համալսարանի դասախոսական կազմը, որ պետք է դասավանդի։ «Ուղղակի Նիկոլ Փաշինյանը եւ իր հանցակիցների խումբը, բնականաբար, հետաքրքրված չեն, որպեսզի արցախյան որեւէ հաստատություն Հայաստանի Հանրապետության որեւէ տարածքում կարողանա մնալ ու հիշեցնել Արցախի Հանրապետության գոյության մասին»,- ասում է Վրթանեսյանը։
ԵՊՀ դոցենտ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն էլ է նկատում, որ Արցախի պետական համալսարանը յուրահատուկ կրթական միջավայր է, որը, բացի մասնագիտական կրթություն տալուց, այնպիսի կրթական բաղադրիչ է տալիս, որը կապված է ազգապահպանության հետ։ Այնտեղ բավական լուրջ հիմքերի վրա է դրված հատկապես բանասիրությունը՝ Արցախի թեքմամբ, բանահյուսության, Արցախի պատմության ուսումնասիրությունը, որն իր մեջ ներառում է թե՛ բնակավայրերը, թե՛ պատմամշակութային հուշարձանները եւ այլն, եւ այլն։
«Այս ամեն ինչը, հատկապես այն համատեքստում, որ արցախցիներին ենթարկեցին ցեղասպանության, տեղահանության, քանի դեռ չի կազմակերպվել արցախցիների վերադարձը, ու չգիտենք, թե երբ դրա հնարավորությունը կունենանք, ու դա ինչ ուժերից, ինչ միջազգային փոխդասավորությունից է կախված, եւ այլն, այս ամեն ինչը պահպանելն ու շարունակելն օրախնդիր անհրաժեշտություն է։ Երբ Արցախի պետական համալսարանը պահպանում ենք, պահպանում ենք դասախոսների ու ուսանողների կոլեկտիվը, ապա նրանց առաջ կարողանում ենք դնել սպեցիֆիկ խնդիրներ եւս։ Դրանք կարող են լինել իրավական, քաղաքական դաշտի խնդիրներ, քաղաքագիտական՝ զուտ ուսումնասիրությունների խնդիրներ, Արցախի հարցի հետ կապված։ Նրանցից ավելի շահագրգիռ, ավելի լավ արծարծող՝ այդ հարցերի, բնականաբար, չի լինելու»,- ասաց ԵՊՀ դոցենտը։
Մենք ունենք արցախյան համայնքները պահպանելու խնդիր, եւ շատ լավ կլիներ, որ դրանց պահպանման մեխանիզմներ լինեին, սկզբում՝ վիրտուալ ձեւով, որ, օրինակ, Արցախի Վարդաշեն գյուղի բնակիչների միջեւ այդ կապը լիներ․ այդ նույն ձեւով կոլեկտիվները պահպանելու խնդիր ունենք, որպեսզի այս մարդիկ չտարրալուծվեն։
Բացի այդ, Արցախի համալսարանի դասախոսների մասնագիտական ներուժը․ որոշ ամբիոններ ունեին իրենց հետազոտությունները, աշխատում էին դրանց վրա, ու այդ մարդկանց մասնագիտական ռեսուրսը փոշիացնելը, չուղղորդելը, ինչն օգուտ կտա հենց արցախյան հարցին, արցախցիների վերադարձի պրոյեկտի իրականացման հետ կապված՝ անթույլատրելի է։
«Արցախի պետական համալսարանը նաեւ պետական բուհ է եւ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած բուհ է, եւ ես էլ այդ հավատարմագրման փորձագիտական խմբի ղեկավարն եմ եղել նաեւ։ Այսինքն, կա պետական պարտավորություն՝ դա պահպանելու։ Եթե Արցախի Հանրապետության լուծարումը, որն իրավաչափ գործընթաց չէ, բայց տեղի է ունեցել ֆիզիկական բանջնջման սպառնալիքի ներքո, դա ընդունվում է ի գիտություն այս փուլում, ապա Արցախի պետական համալսարանը եւ այլ կրթական կառույցները չպահպանելը Հայաստանում, պայմաններ չստեղծելը վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունները խնդիր ունեն Արցախի հարցը նաեւ այդ ձեւով փակելու, որ ինքնությունը չպահպանվի։ Քանի որ մենք ուզում ենք պահպանել համայնքներն ու ինքնությունը, որ հետո վերադարձը կազմակերպված ձեւով լինի։
Երբ որ մենք ուղղակի ինտեգրում ենք՝ այդ մարդիկ մնալու ենք այստեղ, աշխատեն, ինտեգրվեն, այդ ինտեգրվելը նաեւ որոշակի ինքնությունների պահպանմամբ լինի։ Երբ որ դա տեղի չի ունենում, նշանակում է, որ հարցը փակվում է այս իշխանությունների կողմից, հարցը փակում են, այդ թվում՝ ինքնության վերացման, այդ սպեցիֆիկ կողմերի վերացման, արմատներից կտրելու միջոցով»,- եզրափակեց Սողոմոնյանը։