եպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո, որոնց արդյունքում ավելի քան 100 հազար հայեր ստիպված են եղել լքել իրենց տները, Բաքուն սկսել է նաև Արցախի նշանավոր գործիչների անօրինական առևանգումներն ու կալանավորումները։
Սեպտեմբերի 26-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունները առաջինը ձերբակալել են ռուսաստանցի գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Վարդանյանը հետագայում կալանավորվել է 4 ամսով։ Օրեր առաջ Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հայցը։
NEWS.am -ի թղթակիցը զրուցել է Արցախի նախկին պետնախարար Դավիթ Վարդանյանի որդու հետ։
Դուք տեղեկություն ունե՞ք Ռուբեն Վարդանյանի մասին։ Կարողացա՞ք կապ հաստատել նրա հետ։
Այո, երեկ և անցած երեքշաբթի նա զանգել է մայրիկիս, ես ներկա չեմ եղել։ Ինչքան հասկացա՝ զանգը շատ կարճ է եղել։ Նա ասաց, որ լավ վիճակում է: Այլ մանրամասներ չեն քննարկել։ Նա ասաց, որ կարոտում է: Մենք էլ նրան ենք կարոտում:
Նա չի խնդրե՞լ ինչ-որ բան փոխանցել:
Որքան գիտեմ՝ ոչ։ Պարզապես խնդրեց, որ հոգ տանենք բոլոր նրանց մասին, որոնք ներկայումս տուժում են այս ամբողջ իրավիճակից:
Նրան այցելե՞լ են Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները։
Ես նման տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ ներկայացուցիչները (ԿԽՄԿ-խմբ.) կապվել են մորս հետ և ասել, որ ցանկանում են կապ հաստատել նաև հորս և այլ գերիների հետ։
Հիմա դուք աշխատում եք կազմակերպել միայն Ռուբեն Վարդանյանի՞ վերադարձը, թե՞ նաեւ այլ գերիների:
Հայաստան պետությունը նաև հայց է ներկայացրել միջազգային ատյաններ ոչ միայն հորս, այլև Ադրբեջանի կողմից տարված բոլոր գերիներին ազատ արձակելու համար։ Հոկտեմբերի 12-ին Հաագայում դատավարություն է լինելու նրանց հնարավոր ազատ արձակման վերաբերյալ։ Մենք մեծ հույս ունենք, որ այս գործընթացը հաջող ավարտ կունենա: Իհարկե, մենք նաև քայլեր ենք ձեռնարկում հորս ազատելու համար, բայց այս մասին դեռ վաղ է խոսել։
Տեղեկություններ կային, որ ընտանիքն ունի իր փաստաբանը։ Ո՞վ է նա և ինչպե՞ս կարողացաք ներգրավել այս փաստաբանին։
Այո, դա ճիշտ է: Հասարակական կազմակերպություններից մեզ փոխանցված կոնտակտների, ինչպես նաև ծանոթների միջոցով մենք կարողացանք կապ հաստատել տեղացի փաստաբանի հետ, որին վարձել էինք հորս շահերը ներկայացնելու համար: Այս փաստաբանն այժմ ներկայացնում է մեր շահերը Ադրբեջանում։
Ադրբեջանը չի ենթարկվում միջազգային դատարանների որոշումներին: Ի՞նչ երաշխիք կա, որ օրինական ճանապարհով հնարավոր կլինի հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։
Ես, ինչպես շատ ուրիշներ, կարծում եմ, որ մարդկային արժեքները և օրենքը, բոլոր դեպքերում գործում են, և որ Արդարադատության միջազգային դատարանը դեռևս ազդեցություն ունի։ Ես գիտեմ, որ նախկինում խնդիրներ են եղել Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացման հետ կապված, բայց ես իսկապես հավատում եմ այս հաստատություններին և հուսով եմ, որ այս գործընթացը կօգնի ազատել հորս: