Hraparak.am-ը գրում է. «Լուսինե եւ Կարինե Ղուկասյանների կալանավորման հարցը լուծվեց իմ կալանավորմամբ։ ԱԱԾ-ի Դատախազության, Քննչական եւ Հակակոռուպցիոն կոմիտեների ղեկավարները քրեական գործ կարեցին իմ վրա, որպեսզի կալանավորեն Վարդան Ղուկասյանի քույրերին»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքում հատկապես կարեւոր գործերով ավագ օպերլիազոր Հակոբ Անանյանը, որը շուրջ 3 ամիս կալանավորված էր՝ Վարդան Ղուկասյանի քույրերին՝ Կարինե եւ Լուսինե Ղուկասյաններին ինֆորմացիա տալու մեղադրանքով։
«Ըստ քրեական գործի՝ ես պաշտոնեական դիրքս եմ չարաշահել՝ Վարդան Ղուկասյանի քույրերին ինֆորմացիա տալով, իսկ նրանք ինձ դրդել են այդ անելու համար։ Եթե ինձ չկալանավորեին, չէին կարողանա կալանավորել նաեւ նրանց։ Վարդան Ղուկասյանի քույրերի կալանավորումը պետք էր քաղաքապետի ընտրություններից առաջ։ Իշխանամերձ ֆեյք էջերով նյութեր էին գրում իմ մասին՝ փորձ անելով կեղտոտել իմ անունը։ Վարդան Ղուկասյանի քույրերի հետ` բացի ընկերական հարաբերությունները, նաեւ գործնական շփում եմ ունեցել։ «Հանրային ձայնը» կուսակցության վրա հարձակումից հետո ես, որպես օպերլիազոր, աշխատել եմ այդ գործը բացահայտելու վրա։ Եղել եմ դեպքի վայրում, աշխատել եմ այդ դեպքով։ Սա ենթադրում է, որ ես կամա, թե ակամա պետք է կապ ունենայի նրանց հետ։ Իսկ հիմա ինֆորմացիա տալու մասով․ Լուսինե Ղուկասյանը 2 անգամ դիմել է ինձ, որոշակի տեղեկություններ ձեռք բերելու համար»,-ասաց նա։
Մի դեպքում Լուսինե Ղուկասյանը հայտնել է, թե իրեն անհայտ անձինք են հետապնդում եւ փոխանցելով մեքենայի համարները՝ խնդրել է հայտնել վարորդի տվյալները։ Մյուս դեպքով Ղուկասյանը, ըստ Անանյանի, իրեն է դիմել մի գործով. «Մի օր Լուսինեն ինձ է զանգահարում եւ հայտնում, որ մեկը, որը զբաղվում է թմրանյութերի վաճառքով՝ ոստիկանությունը բռնել եւ թողել է։ Լուսինեն ասում է, որ այդ անձը բնակվում է իրենց թաղամասում, ուղարկում է նրա լուսանկարները եւ խնդրում՝ տրամադրել այդ անձի մասին տեղեկություն։ Ես գրում եմ իրեն, որ եթե նման բան կա, աշխատենք ու բռնենք այդ անձին։ Ուժային կառույցները այս նամակագրությունները հիմք ընդունելով` ինձ կալանավորում են»,-պատմեց Անանյանը
Նա, Կարինե եւ Լուսինե Ղուկասյանների հետ կալանավորվել է այս տարվա հունիս ամսին։ Ըստ քննչական կոմիտեի՝ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կարինե Ղուկասյանը մտերիմ-անձնական կապերի մեջ է գտնվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության համապատասխան ծառայության աշխատակցի հետ եւ սոցիալական ցանցի հավելվածի միջոցով նրանք հաղորդակցվել են, որի ընթացքում «Կարինե Ղուկասյանը, խնդրելու եւ համոզելու եղանակով դրդել է ոստիկանության ծառայողին իրեն տրամադրել ֆիզիկական անձի անձնական, հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձին նույնականացնող տեղեկություններ»։