Կրեմլը տեղյակ է Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«ՀՀ վարչապետ Փաշինյանը կբացակայի որոշակի հանգամանքների բերումով»,–ասել է նա։
Հարցին, թե Կրեմլը գիտի՞ նրա բացակայության պատճառների մասին, ՌԴ նախագահի օգնականը դրական պատասխան է տվել։
«Մեզ հայտնի է, բայց երևի նա ինքը ինչ–որ կերպ կբացատրի»,–ասել է նա։
Ուշակովի խոսքով՝ Ղրղզստանում Պուտին–Փաշինյան հանդիպում կկազմակերպվեր, եթե ՀՀ վարչապետը գար ԱՊՀ գագաթնաժողովին։
«Մենք պայմանավորվել ենք, որ շփում կլինի Ալիևի հետ, քանի որ նա ներկա է լինելու հանդիպմանը։ Եթե Փաշինյանը գար, ես 100 տոկոսանոց երաշխիք եմ տալիս, որ նրա հետ հանդիպում կկազմակերպվեր»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Միաժամանակ Յուրի Ուշակովն ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները կշարունակվեն, կողմերը քննարկելու շատ բան ունեն։
«Վերջերս հեռախոսազրույց է եղել, զրուցել են Պուտինի ծննդյան օրը։ Եղել են մի քանի բովանդակային պահեր։ Դե, բնականաբար, շփումները կշարունակվեն։ Քննարկելու շատ բան կա»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահները։
Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։