Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղի հարց, մենք էլ մեր հերթին 8 գյուղի խնդիր ունենք, որովհետև Տավուշի մարզում մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար և այլ գյուղերում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը դեռ 2021 թվականին է լուծում առաջարկել՝ ասելով, որ պետք է հիմք ընդունել, թե որն է դելիմիտացիայի քարտեզը և այդ սահմանի գծից զորքերը հայելային հետքաշել:
«Ասում ենք՝ եկեք հասցեագրենք հարցերը, որովհետև փորձը ցույց է տալիս, որ չլուծված կամ լուծման ռելսերի վրա չդրված որևէ հարց «իքս» պահին դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետն արձանագրեց, որ 29,800 քկմ֊ի մեջ մտնում է նաև Արծվաշենը: Ըստ նրա՝ ՀՀ֊ի ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել այդ` ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։
Փաշինյանի խոսքով՝ պրոբլեմն այն է, որ մինչև այսօր Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29,800 քկմ-ով: