Search
Close this search box.

Իշխանությունը Ադրբեջանին բացահայտ ազդանշան է տվել․ Սեյրան Օհանյան

Օրվա իշխանությունը շարունակում է ցուցադրել իր քաղաքական մտքի բացարձակ սնանկությունը՝ Արցախի հայաթափման, և ընդհանրապես, ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող ողբերգությունների մեղավոր նշանակելով նորից ու միայն ընդդիմությանը, որից բացի այլ թիրախ, ինչպես տեսնում ենք, չունի․ արտաքին ճակատում կառուցողական հանցակիցներ են։ Եվ թերևս այդ տրամաբանությամբ է Էրդողանը հայտարարել, որ Փաշինյանն էլ դժգոհ
է հայտնի փոփոխությունից։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Իսկ ընդդիմությանն ուղղված մեղադրանքի թեզը ոչ միայն զուրկ է պատճառահետևանքային կապից, այլև բացարձակ աբսուրդ է, կեղծիք․

Արցախի հայաթափման ռազմական-քաղաքական գործողությունների մեջ ընդդիմության մեղքը,
ըստ նրանց, փաստորեն, Արցախի նորընտիր նախագահին շնորհավորելն է։

Այնինչ հենց նրանց ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ բացահայտ ազդանշան էր Ադրբեջանին, որ կարող են գործել․ իրենք արդեն այն աստիճան գործ չունեին Արցախի հետ, որ այլևս չճանաչեցին Արցախը՝ որպես պետություն, և չշնորհավորեցին նրա նախագահին, թեև Արցախը փրկելու, պահելու բոլոր լծակները հենց նրանց ձեռքում էին, և ոչ թե ընդդիմության։ Եվ այսօր, որքան էլ պետական քարոզչամեքենան ծառայեցնեն բացառապես իրենց շահերը սպասարկելու և ընդդդիմությանը մեղադրելու նպատակին, միևնույն է, չեն կարողանալու արդարացնել իրենց և խստագույն պատիժ են կրելու այն հանցանքների համար, որ գործել և շարունակում են գործել Արցախի, Հայաստանի դեմ։

Առողջ բանականություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի հիշում է ու
հասկանում է՝

-ով 2020-ի պարտադրված պարտությունից հետո հրաժարվեց Արցախի անվտանգության
երաշխավորը լինելուց՝ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը և հնարավոր մեղադրանքների սլաքներն ուղղելով ՌԴ խաղաղապահ ուժերի ուղղությամբ,

— ով հայտարարեց, որ պահանջում են Արցախի հարցով նշաձողն իջեցնել,

— և ովքեր պնդեցին, որ Արցախը ունի ապագա Ադրբեջանի կազմում,

— ով Պրահայում բացահայտ ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում՝ տալով բոլոր հիմքերը, որպեսզի Ադրբեջանը փակի Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքը՝ Արցախի դեմ ռազմական ագրեսիան ավարտին հասցնելու նպատակով,

-կամ վերջապես ով 2023-ի սեպտեմբերին, երբ ամբողջ Արցախը կրակի տակ էր, քաղաքական անբարոյականություն դրսևորելով՝ հայտարարեց, որ Արցախի խաղաղ բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա, և Հայաստանը այս իրավիճակում չի ներքաշվի որևէ բախման մեջ` այդպիսով, Արցախը թողելով միայնակ, ադրբեջանական հրոսակախմբերի քմահաճույքին։

Ամփոփելով խոսքս՝ հիշեցնեմ նաև, որ Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանը հրաժարվել էր ինքնակամ, թեև նրան խնդրել, հորդորել են, որ Արցախի համար այդ օրհասական իրավիճակում նման քայլի չգնա։

Արցախը ընկավ, որովհետև Հայաստանի ներկայիս իշխանությունը, կրկնում եմ, ում ձեռքին էին Արցախը փրկելու բոլոր լծակները, Արցախը պաշտպանելու նպատակ, համարձակություն չունեցավ։

Արցախը չէր ընկնի, եթե ժամանակին պարտության սիմվոլներ դարձած, իսկ այսօր բարոյապես վերջացած քպ-ականները հեռանալու քաջություն, ազնվություն ունենային»,- գրել է նա։

Please enter a valid URL