Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հոկտեմբերի 9–13–ը գործուղվել է Նիդեռլանդների Թագավորություն (Հաագա)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանում Կիրակոսյանը կմասնակցի բանավոր լսումներին, որոնք վերաբերում են ՀՀ–ն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում 2 ժամանակավոր միջոց կիրառելու միջնորդությանը։
Գործը քննվում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում:
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն պետք է ներկայացնի նախատեսված հաշվետվությունները»,– նշված է որոշման մեջ։
Նշվում է, որ Եղիշե Կիրակոսյանի հետ Նիդեռլանդների Թագավորություն կգործուղվեն նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և գրասենյակի միջպետական վեճերով ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանը։
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 29–ին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան է դիմել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ` խնդրելով միջանկյալ միջոցներ կիրառել և վերահաստատել Ադրբեջանի պարտավորությունները։