SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր, փետրվարի 18-ին, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, Բագրատաշենի մաքսակետից Հայաստանը լքելու պահին բռնվել են Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը և 34-ամյա Արտաշես Հակոբյանը:
Վերջիններս կասկածվում են փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու և դին այլ տեղ տեղափոխելու մեջ:
Այդ օրը, ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին՝ ոստիկանության Քաջարանի բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա:
Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը, ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ դիակի զննությամբ, դեմքի շրջանում առկա են արյունազեղումների և քթի ախտաբանական շարժունակության վնասվածքների հետքեր:
Կայքի տեղեկություններով, մահացածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որպես մոդելագործ, նրա կինը՝ Ռուզաննան, աշխատում է Քաջարանի մանկապարտեզում՝ որպես տնօրեն: Իսկ կասկածյալ Ս. Կարապետյանը, կասկածյալ Մհեր Մանուչարյանի քեռին է: Վերջինս էլ մահացած Վ. Մանուչարյանի եղբոր տղան է:
Նշված անձինք Վ. Մանուչարյանին ծեծի են ենթարկել ու սպանել մեկ այլ տեղ, իսկ հետո դին տեղափոխել Շահումյան փողոց: Նշված անձինք, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել են: