Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Լատվիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ հանդես է եկել հայտարարությամբ։
«Սիրելի հայեր, սիրելի երկրպագուներ, ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպում է անցկացնելու Ռիգայում։ Այդ կապակցությամբ խնդրում եմ Ձեզ աջակցել մեր թիմին։ Մեզ համար ցանկացած հանդիպում նման է եզրափակչի։ Սպասում ենք բոլորիդ։ Ես գիտեմ, որ ամբողջ Եվրոպայից, ինչպես նաև Հայաստանից շատ մեծ թվով երկրպագուներ են պատրաստվում մեկնել Ռիգա։ Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր երկրպագու։ Աջակցեք մեր հավաքականին հոկտեմբերի 12-ին Ռիգայում։ Առաջ, հայեր»,- ասել է Պետրակովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն: