Search
Close this search box.

ԿԽՄԿ ներկայացուցիչները չեն այցելել գերեվարված արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներին․ Զառա Ամատունի

Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ԿԽՄԿ ներկայացուցիչների այց չի եղել։ Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Հարց․ «Կարմիր խաչի ներկայայցուցիչներն այցելե՞լ են Ադրբեջանի կողմից գերեվարած Արցախի նախկին նախագահներին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատարին, ԱԺ խոսնակին, ԱԳ նախկին նախարարին։ Եթե այց չի եղել, ապա նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, և, եթե նախատեսվող այցի մասով հստակ ժամկետներ կան, խնդրում եմ նշել»։

Պատասխան․ «Դեռևս ոչ, սակայն հարցը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում։ Նախապես նաև այս թեմայով չենք անդրադառնում, իսկ հատուկ սահմանված ժամկետներ մեզ տեսակցության հնարավորություն տալու չկան»։

Հարց․ «ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձանց վերջին անգամ ե՞րբ են այցելել»։

Պատասխան․ «Վերջին տեսակցությունը բոլոր հայ պահվող անձանց, որոնց ԿԽՄԿ-ին հաստատել են Ադրբեջանի իշխանությունները, տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին։ Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի ձերբակալության մասին։ Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին կալանավորելու մասին»։

Հիշեցնենք՝ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ Սեպտեմբերի 27-ին գերեվարվելել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։

Please enter a valid URL