«Հրապարակ» թերթը գրում է. «Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը նոր ստորագրված հայտարարությունում վերահաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր նախորդ հայտարարությունը՝ 86,6 հազար քառ․ կմ տարածքով։ Սա նշանակում է, որ առաջիկայում նոր տարածքներ կզիջվեն Ադրբեջանին:
Խոսքը, այսպես կոչված, անկլավների մասին է, որն իր մեջ ներառում է Տավուշի մարզի 7 գյուղերը եւ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը՝ Քյարքին: Հիշեցնեք, որ դեռ մայիսին Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված են Արցախը եւ, այսպես կոչված, անկլավները:
Սակայն Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Գրանադայի հանդիպումից հետո որոշեց պապից ավելի կաթոլիկ երեւալ՝ ֆեյսբուքյան էջով հայտարարելով, թե սուտ է անկլավները հանձնելու մասին տեղեկությունը, եւ իբր Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: «Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»,- գրել է նա՝ մոռանալով, որ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ նման հայտարարություն էր արել՝ հաստատելով, որ 86,6-ի մեջ նաեւ անկլավներն են մտնում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում