Այսօր` հոկտեմբերի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում. Սիլիկյան թաղամասումից դեպի ժողովրդին հայտնի «Սպանդարյան» գերեզմանների հարևանությամբ գտնվող սեփական տների բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի քանդեն 10-ից 20 տարի առաջ կառուցված 25-ից ավելի տներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Իրավիճակը լարվել է և դեպքի վայր ժամանած Ոստիկանության կարմիր բերետները մեծ թվով քաղաքացիների ուժով բերման են ենթարկել։
Դեպքի վայր ժամանած Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը մի քանի հոգու բուժօգնություն են ցուցաբերել:
Այս պահին, հատուկ տեխնիկայով, ոստիկանների ու կարմիր բերետների հսկողությամբ քաղաքապետարանը սկսել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պարզաբանում էր տարածել՝ նշելով. «Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում է առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն:
Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»։