ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018֊2021 թթ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Հայաստանը ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրելու նպատակով ազդարարել է նոր քաղաքական շարժում ձևավորելու մասին։
ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախկին պաշտոնյան նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է, քանի որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈւ ուլտիմատումը և հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ։
Ապա Կարապետյանը ՀՀ գործող իշխանություններին մեղադրել է վախկոտության ու դավաճանության արդյունքում Արցախը հանձնելու մեջ՝ նշելով, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև Հայաստանին։
«Հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք»,– ասել է նա։
Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը ՀՀ գործող իշխանություններին մեղադրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու, հայ և ռուս ժողովուրդներին թշնամացնելու փորձ ձեռնարկելու մեջ։
Վերջում Արշակ Կարապետյանը ՌԴ ղեկավարությանը հորդորել է կանխել Հայաստանի պետականությունը ոչնչացնելու Փաշինյանի փորձերը։
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտպանության նախարար էր նշանակվել 2021թ–ի օգոստոսի 2–ին։ Նույն թվականի նոյեմբերի 15–ին նա պաշտոնանկ էր արվել։