ՀՀ գործող իշխանությունները Արցախը մատաղ արեցին, և հիմա արդյոք Ադրբեջանի խամաճիկային կառավարությունն (Ադրբեջանին հաճո իշխանություն Հայաստանում — խմբ.) է երաշխավորելու ՀՀ ինքնիշխանությունը։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Փաշինյանը նրան հակադարձեց` ասելով. «Ում–ում, բայց խամաճիկային կառավարություն հասկացողությունը ձեզ ծանոթ է, քանի որ դուք և ձեր կողքի խմբակցությունը («Պատիվ ունեմ»–խմբ.) երկար տարիներ ՀՀ–ում ձևավորել եք խամաճիկային կառավարություն, որը ինքնուրույն ոչ շնչել է, ոչ էլ արտաշնչել է, ոչ հազացել է, ոչ էլ փռշտացել է»։
Նա հայտարարեց, որ չի ուզում խոսել ԼՂ գործընկերների մասին, քանի որ այդ թվում խորհրդարանական ընդդիմությունը նաև նրանց հարվածի տակ դրեց` տոնելով ԼՂ–ում տեղի ունեցած իշխանափոխությունը։
«Ասել եք, որ ԼՂ ժողովուրդը ձեռքները խփել են սեղանին, թե ահա վերջապես ազգային իշխանություն է ձևավորում… Շնորհավորում էիք այդ փոփոխության կապակցությամբ։ Թերևս այն, ինչ տեղի ունեցավ, ձեր ծրագրերի մեջ էր մտնում»,– նշեց Փաշինյանը։
Ըստ նրա` ընդդիմության ծրագրերն այն էր, որ ՀՀ–ն կներքաշվի պատերազմի մեջ, որի արդյունքում ԼՂ մեր հայությունը ոչ թե Երևան կգար, այլ կգնար Բոստոն, Լոս Անջելես` ուժեղացնելու ՀՅԴ նոսրացող շարքերը։
Արթուր Խաչատրյանն ի պատասխան նշեց, որ Նիկոլ Փաշինյանը, չունենալով ԼՂ ժողովորդի համաձայնութունը ու լիազորությունը, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ ՀՅԴ և ՀՀԿ իշխանությունները երբեք սեփական ժողովրդի կողմից չեն ընտրվել ու չեն կարող հիմա ինչ–որ բան ասել ժողովրդի անունից խոսելու մասին։
«Դուք վարել եք մի քաղաքականություն, որ ՀՀ–ն երբեք անկախ չլինի։ Ձեր կառավարման մոդելը երևաց նաև ԼՂ–ում։ Ես իհարկե դատապարտում եմ ԼՂ ղեկավարության ապօրինի ձերբակալությունները, սակայն դրանից իրողությունները չեն փոխվում»,– ավարտեց իր խոսքը ՀՀ վարչապետը։