ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ԵՄ-ին մեղադրել է Հայաստանին դավաճանելու մեջ. «Այդ ԵՄ-ն է դավաճանել ՀՀ-ին»։
«Շառլ Միշելին հիշեցնեմ,որ հենց ԵՄ-ն է Պրահայում և Բրյուսելում գագաթնաժողով հրավիրել, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, թեև մինչ այդ տրամաբանորեն հակառակն էին պնդում»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ օրերս ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե «Բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»։
Զախարովան նաև նշել է, թե ԵՄ-ն ոչ մի խաղաղություն և ապաէսկալացիա Հայաստանում չի ապահովի․ «Նրանց գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի անվտանգությունն ու Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումն է, այլ Բրյուսելի հետաքրքրություններից ելնող հետախուզական մոնիտորինգն ու իրավիճակի սրումը»։
Զախարովան ասել է, որ Բրյուսելի վրա է կատարվածի պատասխանատվությունը. «Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ձեռք բերված երեք պայմանավորվածությունները բառիս բուն իմաստով փոխարինվեցին ԵՄ-ի գագաթնաժողովներով, և Երևանի դիրքորոշումն այդկերպ ձևավորվեց ԵՄ-ի ազդեցության տակ»։
Նա հիշեցրել է, որ ՀՀ իշխանությունների սուվերեն իրավունքն է տեսակետ ձևավորելը, բայց պետք է այդ մասին խոսել բաց. «Դեռ կտեսնենք՝ ինչպիսին կլինեն ԵՄ նախաձեռնությամբ Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հայ-ադրբեջանական հերթական գագաթնաժողովի արդյունքները»։