Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը սխալ որոշում է, երկրի ներկայիս ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել։ Այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, որն այս քայլը հիմնավորել է երկրի անվտանգության կարիքներով»,- ասել է Պեսկովը։
Խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Նշենք, որ դեմ են քվեարկել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։
Հավելենք, որ սեպտեմբերի 28-ին այն միաձայն հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից:
Հայաստանի այս քայլը Ռուսաստանը պաշտոնապես որակել էր ոչ բարեկամական իրենց նկատմամբ: Նշենք, որ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ձերբակալելու օրդեր է տվել: