Քաղաքական մեծամասնությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝ կարգելով նոր մեղավորների, պատմական տգիտությունը ի ցույց դնելով՝ փորձ է արվում խեղաթյուրել իրականությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ելույթից հետո ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Իրականությունն այն է, որ Արցախի հերոսական, արժանապատիվ ժողովրդին դուք ինքներդ հանձնեցիք Ադրբեջանի գերիշխանությանը, ինքներդ մղեցիք մեր քաղաքացիներին, որպեսզի ստիպված սովամահ վիճակում դիմագրավեն ադրբեջանական հրոսկախմբերին, ինքներդ ձեր կառավարության ղեկավարի գլխավորությամբ հրաժարվեցիք աջակցություն ցուցաբերել և մղեցիք կործանման։ Այս ամենը դուք փորձում եք փաթաթել, թե իբր իշխանազավթո՞ւմ է տեղի ունեցել Արցախում։ Ձեր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցաբար քանի՞ անգամ է փորձել փախնել, թողնել իշխանությունն ու հեռանալ։ Եվ հեռացել է։
Այն փրկությունը, որ փորձում էին անել… էլի ձեր իսկ ղեկավարությամբ, դավադիր գործողություններով մղեցիք հայաթափման ողջ Արցախը։ Հազարավոր տարիներ Արցախը որպես հայկական բնակավայր լինելով՝ այսօր դադարել է այդպիսին լինելուց։
Եկել եք այստեղ, ձեր մեղքը փորձում եք բարդել Արցախի հերոսական ժողովրդի վրա՞։ Դուք տեղեկություն ունե՞ք, որ հերոսական ժողովուրդը մեկ օրվա պատերազմի ընթացքում 64 հազարանոց ադրբեջանական բանակին 1200-ից ավելի կորուստներ է պատճառել։ Դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչպես է պատանդառված հայ գեներալը… և դուք ի՞նչ եք արել այդ ուղղությամբ, ի՞նչ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։