«Հրապարակ» թերթը գրում է. Մոտ երկու շաբաթ է՝ ռուսական կողմը Լարսի անցակետում կանգնեցրել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող բեռները` չի թողնում, որ հատեն սահմանը: Մոտ 60 բեռնափոխադրող մեքենա է կանգնած` կոնյակով բեռնված, ռուսները փորձաքննություններ են անում՝ իբր պարզելու համար, թե Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակներն օրիգինա՞լ են, թե՞ կեղծ, եւ դրա հետեւանքով հայկական բեռնատարները կանգնած են Լարսում։ Մեր տեղեկություններով, դրանց մեջ կա ե՛ւ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» կոնյակի գործարանի, ե՛ւ ֆրանսիացիներին պատկանող գործարանի, Վեդի ալկոյի, ՄԱՊ-ի կոնյակի խմբաքանակ։ Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցիչ Վահան Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս լուրը․
«Իրականում կոնյակների վրա վերահսկողությունը դրվել է մարտ- ապրիլ ամիսներին, եւ այդ ժամանակվանից սկսած՝ խիստ հսկողություն է իրականացվում ռուսական մաքսային ծառայության կողմից։ Մի քանի օր առաջ հսկողությունն ավելի են ուժեղացրել, ու եթե այն ժամանակ մաքսային ծառայության ռիսկերի կառավարման համակարգն ընտրում էր կոնկրետ ինչ-որ արտադրողների ապրանքներ, եւ հսկողություն էր իրականացվում, ապա հիմա համակարգն ընտրում է բոլոր հայկական կոնյակները։ Այս պահին ունենք մոտ 60 բեռնատար, որոնք ենթարկվում են հսկողության եւ հսկողությունն անցնելուց հետո նորից կշարունակեն իրենց ճանապարհը»,- պատասխանեց Հակոբյանը։ Հարցրինք, թե քանի օր են բեռնատարներն անցակետում կանգնած։ «Տարբեր։ Մի մասը փորձաքննության են ուղարկում, մի մասը զննում են իրականացնում, մի մասը փաստաթղթային հսկողություն են իրականացնում․ կախված տարբեր գործընթացներից՝ տարբեր է»,- պատասխանեց Հակոբյանը։
Իսկ ռուսական կողմը պաշտոնապես պարզաբանե՞լ է, թե ինչու են փորձաքննություններն անում։ «Աշխատանքային շփումների արդյունքում մեզ տեղեկացրել են, որ Հայաստանից ուղարկվող կեղծ կոնյակներ շատ են հայտնաբերվում, եւ դրա պատճառով հսկողությունն ուժեղացրել են եւ շարունակում են հայտնաբերել այդ կեղծ կոնյակները»,- պատասխանեց Հակոբյանը։
Իսկ կոնկրետ արտադրողների՞ են ստուգում, թե՞ Հայաստանի արտադրության բոլոր կոնյակների նկատմամբ է անվստահությունը։ «Արդեն մի քանի օր է, ինչ բոլոր արտադրողների վրա վերահսկողություն է դրված, առաջ որոշ կազմակերպություններ էին, որոնց ցանկը չէր հայտնվում, բայց այս պահին ինձ հայտնել են, որ բոլոր արտադրողների վրա հսկողություն է դրված»։ Ստուգելուց հետո թողնո՞ւմ են, որ հայկական կոնյակը մտնի Ռուսաստան, թե՞ հետ են ուղարկում։ «Եթե կեղծիքներ են հայտնաբերում, թույլ չեն տալիս մտնել, իսկ նման դեպքեր, ռուսական կողմի պնդմամբ, հաճախ են պատահում»։