«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ չի միանալու «Ազգային առաջընթաց» կուսակցության եւ «Մայր Հայաստան» դաշինքի՝ Երեւանի ավագանու առաջին նիստը բոյկետելու նախաձեռնությանը։ Ղուկասյանը, անդրադառնալով Հայկ Մարությանի հայտարարությանը, շեշտել է, որ երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, երբ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ 100 հազար բռնի տեղահանված լցվել է Հայաստան եւ յուրաքանչյուր գումար կարեւոր է։
«Երկրորդ փուլ թույլ տալ, որ ընկնել քուչա-քուչա քարոզարշավ անել, ես դա ոչ ընդունում եմ, ոչ էլ դա անող եմ: Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը, ռոբասերժական կլանը չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես որպես ընդդիմություն ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի: Ավինյանը եթե վերարտադրվի, օրենքը թույլ է տալիս մի տարի հետո անվստահություն հայտնել եւ հեռացնել, բայց երբ ռոբասերժական կլանը ամրապնդվեց, դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը լիակատար, կդառնա գուբերնիա՝ առանց Սյունիքի: Ես գնացի ինձ համար անընդունելի գորրծարքի, սակայն Հայկ Մարությանը ասաց, որ կամ ինքը քաղաքապետ կլինի, կամ՝ քաղաքապետ չի լինի, ես էլ պատասխանեցի՝ դու չես լինի քաղաքապետ: Հիմա ինձ քաղաքապետի ընտրությունների հարցը չի հուզում, ինձ հետաքրքիր է ինչ է լինելու մինչեւ ամսի 10-ը»,- ասել է նա:
NEWS.am-ին «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը փոխանցեց, որ իրենց դիրքորոշումը վաղուց ներկայացվել եւ ավելացնելու բան չկա։ Համաձայն այդ հայտարարության՝ «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երեւանի ավագանու առաջին նիստին։
Վարդան Ղուկասյանի հայտարարությանն անդրադարձել է նաեւ «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ Ղուկասյանի կուսակցությունը այս իրավիճակում, ըստ էության, նպաստում է ՔՊ թեկնածուի՝ քաղաքապետ դառնալուն։
«Կներեք, իհարկե, երկրի ու արցախահայերի համար էս դժվարին վիճակում Երեւանի ընտրությունների մասին խոսելու համար, բայց սա իսկապես կարեւոր է։
Եթե չեք նկատել, երեկվա իր լայվով Վարդան Ղուկասյանը (Դոգ) վերջ դրեց ավագանու նոր ընտրությունների հետ կապված ինտրիգին։ Ընդդիմադիր խոսույթով ավագանում մանդատներ ստացած Ղուկասյանի կուսակցութնունը այս իրավիճակում ըստ էության նպաստում է ՔՊ թեկնածուի քաղաքապետ դառնալուն։ Պարզ ասած՝ եթե ոչինչ չփոխվի, ապա Դոգը Ավինյան Տիգրանին դարձնում է քաղաքապետ։ Նույն կերպ, Հանրապետություն կուսակցությունը, թեեւ խորիմաստ լռություն է պահպանում, բայց այլ ցուցիչներից հստակ է, որ իրենք էլ են աջակցելու ՔՊ-ին։ Եթե էդպես չլինի, ես պատրաստ եմ ներողություն խնդրել։ Ինչեւէ։
Ուզում եմ այսպիսով շնորհավորել ՔՊ համակիրներին, որոնք իրենց արժանի կոնֆիգուրացիայով (ՔՊ, Հանրապետություն, Հանրային ձայն) «փառահեղ» հաղթանակ տարան Երեւանի ընտրություններում։
Ուզում եմ նաեւ շնորհավորել Հանրապետություն եւ Հանրային ձայն կուսակցություններին ընտրած մեր քաղաքացիներին։ Արձանագրենք, սիրելիներս, որ դուք ընտրել եք ՔՊ-ին ու Ավինյան Տիգրանին։ Լավ եք արել, ձեր իրավունքն է, բայց սա հստակ արձանագրենք, որ պատրանքներ չմնա։
Էստեղ մենակ մի բան է անհստակ մնում. Վարդան Ղուկասյանը ընտրությունների արդյունքը հայտնի դառնալուց հետո երկու շաբաթ շարունակ իր լայվերի ժամանակ անընդհատ Հայկ Մարությանից պաշտոններ էր պահանջում՝ քաղաքապետի ընտրության ժամանակ նրան աջակցելու դիմաց։ Հիմա, երբ փաստացի Ավինյանին է աջակցում, հետաքրքիր է, ի՞նչ է ստացել դրա դիմաց։ Ստացե՞լ է, թե դեռ պետք է ստանա։ Քաղաքակա՞ն կապիտալ է ստացել, դրամակա՞ն, թե՞ այլ։ Խնդրում եմ, ուշադրություն դարձնել. հարցս շատ տրամաբանական է։ Մարդը երկու շաբաթ իր աջակցության դիմաց մե՛կ վարչության պետի, մե՛կ թաղապետի, մեկ դպրոցի ու մանկապարտեզի տնօրենի պաշտոն էր պահանջում, ասում էր՝ հենց էնպես չի աջակցելու։ Հիմա ՀՀ քաղաքացիները պետք ա՞ իմանան, թե ոչ՝ ինչ է պահանջել ու ինչ է ստացել Դոգը ՔՊ-ից ու Ավինյան Տիգրանինց իր աջակցության դիմաց։
Ընդ որում, էս հարցը ոչ միայն ու ոչ այնքան Ղուկասյանին է ուղղված, որքան ՔՊ-ին։ Հուսով եմ, պատասխանը կստանանք
Որովհետեւ մենք ժողովրդավարության մադըֆադը բաստիոն ենք»,- մասնավորապես գրել է Հակոբ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել էր, որ բոյկոտելու են ավագանու առաջին նիստը նոր ընտրությունների գնալու համար, եւ «Հանրային ձայն» կուսակցությանը առաջարկել էր նույնպես բոյկոտել՝ իշխանության վերարտադրություն թույլ չտալու համար:
«Հանրային ձայն» կուսակցությունը սեպտեմբերի 17-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով ստացել է 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած եւ ընտրական շեմը հաղթահարած ոչ մի քաղաքական ուժ չունի 33 մանդատ, որը պետք է քաղաքապետ ընտրելու համար: