Search
Close this search box.

Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել. Մովսես Հակոբյան. ArmLur.am

Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել: Այս մասին ArmLur.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը:

-Պարո՛ն Հակոբյան, տարիներ շարունակ պայքարից հետո՝ Արցախն ընկավ, հունվարի 1-ից փաստացի Արցախի Հանրապետությունը լուծարվելու է: Ինչու՞ այս իրավիճակին հասանք, որտեղ՞ սխալվեցինք:

-Մենք այս իրավիճակին հասել ենք 2018թ-ին:

-Այսինքն, ըստ Ձեզ, եթե հեղափոխություն չլիներ, ապա հնարավոր կլինե՞ր խուսափել Արցախի կորստից:

Իմ կարծիքով՝ այո: Իշխանափոխություն չպետք է անեին: Հազար մանրուք կա, եթե ղեկավարը երկիրը տանում է կործանման, հասնում ենք կործանման: Իսկ թե ի՞նչ սխալներ արեցին, ո՞վ սխալ արեց, չեմ կարող հիմա ամբողջը վերլուծել, բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ՝ սխալները որոնք էին:

-Պարո՛ն Հակոբյան, բայց գործող իշխանություններն էլ հակառակն են պնդում, ասում են, որ այս իրավիճակը 30 տարվա բանակցությունների արդյունք է, իրենք վատ ժառանգություն էին ստացել, ու այլևս հնարավոր չէր այս իրավիճակից խուսափել:

Թող իշխանություն չվերցներ։

-Ժողովուրդն էր 2018թ-ին պահանջում իշխանափոխություն, փողոցներ էին փակում, անհնազանդության ակցիաներ էին անում:

Թող իրենք էլ հրաժարվեին, եթե տեսնում էին, որ վատ ժառանգություն են ստացել, թող հրաժարվեին, ասեին՝ ժողովուրդ ջան, չենք կարող ձեր ցանկությունները կյանքի կոչել։ Հազար մարդ կա, որ պաշտոն են առաջարկում, հրաժարվում է:

-Պարո՛ն Հակոբյան, իսկ վերջին շրջանում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ իշխանափոխությունն ի՞նչ դեր խաղաց այստեղ։ Հայաստանի իշխանությունները պնդում են՝ դա է առիթ հանդիսացել, որ իրավիճակը լարվի:

Դա որևէ նշանակություն չունի: Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել, ես հազար անգամ անդրադարձել եմ սրան, անգամ այնպիսի խոսքեր եմ ասել, որ մարդիկ հասկանան, ասել եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանի կինը հասկանար, թե իր ամուսինն ինչ փաստաթուղթ է ստորագրել, նրան չէր թողնի տուն մտնել: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ ամեն բան գրված է, այս գործընթացը, որ հիմա գնում է, դրա հետևանքն է, բայց դեռևս չի ավարտվել: Նոյեմբերի 9-ի փասաթղթի բոլոր կետերը կատարվել են՝ բացառությամբ 2 կետի:

-Պարո՛ն Հակոբյան, հաշվի առնելով, որ Թուրքիան և Ադրբեջանը հաճախ են խոսում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, հնարավո՞ր է Սյունիքում սահմանային լարումներ լինեն առաջիկայում:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ սևով սպիտակի վրա գրված է, ցանկացած մարդ, որը զբաղվում է ղեկավարմամբ, քաղաքականությամբ, պետք է կարողանա կարդալ, հասկանալ դա: Փաստաթղթում գրված է ամեն բան, ով քիչ թե շատ հասկանում է քաղաքականությունից, պետք է կարդա դա ու հասկանա այդ կետերի հետևանքները:

-Արցախի մի շարք պաշտոնյաներ և ՊԲ հրամանատարներ գերեվարվել են, Ադրբեջանը ձերբակալել է նրանց ու շինծու մեղադրանքներ առաջադրել, այս մասին ի՞նչ կասեք:

Սպասելի էր դա, անսպասելի ոչինչ չկա:

-Պարոն Հակոբյան, իսկ նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ ապագայում բանակցությունների միջոցով կարողանանք հետ բերել Արցախը:

Ես երազանքներով չեմ ապրում: Ուզում է աշխարհը շուռ գա, այն ինչ կորցնում ես, կորցնում ես, վերջ:

Please enter a valid URL