Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փետրվարի 13-ին Երևանի ավագանու դահլիճում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հերթական անգամ արձանագրեցի մի խնդիր, որի մասին գրություն եմ ուղարկել Տարոն Մարգարյանին: Խոսքը Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի մասին է: Այդ դեպքերը վերջնական ինձ համոզեցին, որ գրությունն ուղղակի խիստ անհրաժեշտություն է և խնդրին լուրջ միջամտության կարիք կա: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Գևորգյանը կես դրույք «դեմն առնող անվտանգության աշխատակից է»:
Դա երևաց թե՛ ավագանու անդամին «վնասազերծելիս», թե՛ դրանից հետո լրագրողների հետ շփվելիս. Գոռ Վարդանյանի մարտական հնարքներով փորձում էր «չեզոքացնել» ՀԺ լրագրող Տիրայր Մուրադյանին՝ հրելով ու դուրս գցելով լրագրողին ավագանու դահլիճից (ես եմ նրան հրել մի կողմ՝ պահանջելով չխոչընդոտել լրագրողի աշխատանքը), հեգնանքով խոսելով News.am կայքի լրագրող Գայանե Սարիբեկյանի հետ: Երևանի 2799-ամյակի տոնակատարությունների ժամանակ անձամբ եմ արձանագրել, թե ոնց էր սահմանափակում «Ազատության» լրագրող Անուշ Մկրտչյանի գործունեությունը: Հանրային ռադիոյի լրագրող Անահիտ Ավագյանը մի քանի անգամ դժգոհություն է հայտնել այս վարչության աշխատանքից: Մեկ անգամ չէ, որ ինձ հետ լրագրող Անահիտ Ավագյանի հանդիպումն արհեստականորեն խոչընդոտվել է:
Բազմաթիվ անգամ այլ լրագրողներից լսել եմ, թե ինչպես է Գևորգյանը սահմանափակում մյուս լրագրողների աշխատանքը՝ անհասանելի դարձնելով քաղաքապետարանի պաշտոնյաներին հանրության համար՝ գրեթե զրոյացնելով քաղաքապետարանի աշխատանքի թափանցիկությունը: Երևանի պաշտոնական կայքը բավականին օպերատիվ է ընդհանուր նորությունների և ՀՀԿ փիառի առումով, բայց մյուս դեպքերում Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը չի կատարում իր գործառույթները: Արթուր Գևորգյանի այս աշխատաոճը առանց այն էլ բարդացնում է քաղաքապետարանի գործունեության նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունքը: Այս վարչությունը կես դրույքով էլ սպասարկում է ՀՀԿ խմբակցությանը: Բազմաթիվ դիմումներից հետո Արթուր Գևորգյանը տարբեր պատճառաբանություններով ինձ՝ որպես Ավագանու մշտական հանձնաժողովներից մեկի նախագահին չի տրամադրում իմ ղեկավարած հանձնաժողովի նիստերի լուսանկարները կամ այնքան է ձգձգում դրանց տրամադրումը, որ արդեն հրապարակումն անիմաստ է լինում, մինչդեռ այդ հանձնաժողովների լուսանկարները, որոնք արվում են Գևորգյանի ղեկավարած վարչության աշխատակիցների կողմից կարճ ժամանակ հետո ՀՀԿ լոգոյով հայտնվում են ՀՀԿ ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Մի բան է, եթե չկատարի անձնական խնդրանքները: Բայց ավագանու պաշտոնյայի դիմումներն անպատասխան թողնելը վատ գործելաոճի մասին է վկայում: Շատ լրագրողներ կհաստատեն վերոգրյալը: Բացի այդ, Youtube-յան պաշտոնական ալիքից նիստից հետո անհետանում է ուղիղ հեռարձակման տեսանյութը:
Գրությանս նպատակն է կարգավորել այս վարչության աշխատանքը, այն բերել բնականոն հուն, ապահովել լրագրողների և ավագանու անդամների բնականոն աշխատանքը, պաշտոնյաների հասանելիությունը լրագրողների համար, կամ փոխարինել Արթուր Գևորգյանին այս պաշտոնում: