Search
Close this search box.

«ՄԱԿ առաքելության այցն Արցախ ուշացած է, դա ձևական բնույթ է կրում. Արցախում արդեն հայեր չեն մնացել». Հունան Թադևոսյան

ՄԱԿ առաքելության այցն Արցախ արդեն ուշացած է, ինչպես նաեւ մյուս մարդասիրական բոլոր կազմակերպությունների այցը, դա ձեւական բնույթ է կրում, քան թե բովանդակային: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը` մեկնաբանելով ՄԱԿ առաքելության ուշացած այցն արդեն հայաթափված Արցախ:

«Ես կամավորական աշխատանք եմ կատարել, ինչքան մարդ եղել է նկուղներում, թեկուզ հոգեկան հիվանդություններ ունեցող, որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, իմ ձեռքով նստացրել եմ ավտոբուս, հանել ենք Ստեփանակերտից: Սոցիալական ցանցերով ինֆորմացիա էր պտտվում, որ 7 երեխաներով մայր է մնացել, ամուսիններ, նորից ենք պտտվել ամբողջ քաղաքով, ոչ մեկին չենք գտել: Հիմնական բնակչություն չի մնացել Ստեփանակերտում, եթե լինեն՝ մատների վրա հաշված մարդիկ: Իմ տեղեկություններով՝ դեռ Արցախում են գտնվում նախկին նախագահները եւ քաղաքական ղեկավարությունը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՄԱԿ առաքելությունը Ադրբեջանի ուղեկցությամբ մուտք է գործել հայաթափված Արցախ:

Նշենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց լայնածավալ ռազմական հարձակում, այն տեւեց մեկ օր, որից հետ խաղաղապահների միջնորդությամբ Արցախի քաղաքական ղեկավարությունը համաձայնեց Ադրբեջանի պահանջները իրականացնել:

Արցախն ամբողջապես հայաթափվեց, քանի որ բնակչությունը հնարավոր չի համարում Ադրբեջանի կազմում խաղաղ ինտեգրացիայի վերաբերյալ հավաստիացումներին:

Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից լուծարվում է:

Please enter a valid URL