Search
Close this search box.

«ՀՀ վարչապետն իր աշխատակազմով անհապաղ և անորոշ ժամանակով պետք է տեղափոխվի Սյունիք». Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի գրառումը․ «Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում հայտարարեց, որ որպես ՀՀ վարչապետ` կառաջնորդի անկախության պաշտպանության շարժումն ու աջակցություն հայցեց։
Որպես անկախական՝ ուզում եմ հասկանալ, թե իշխանության հանդեպ վստահության նման աննախադեպ պակասի պարագայում արդյո՞ք հնարավոր է դա. ուստի ակնկալում եմ գործնական քայլեր, որոնցով կընդգծվեր անկախության շարժման ճանապարհը։ Ինքս պատկերացնում եմ այդպիսի իրական շարժման անելիքներն ու հանգրվանները. ըստ այդմ՝ առաջարկում եմ.

1. Քանի որ Սյունիքն է ռուս-թուրքական հերթական հարվածի թիրախը, ՀՀ վարչապետն իր աշխատակազմով անհապաղ և անորոշ ժամանակով պետք է տեղափոխվի Սյունիք. այլ պետությունների ներկայացուցիչները եթե ցանկանում են հանդիպել ՀՀ վարչապետին, կարող են մեկնել Սյունիք։
2. Առանց ժամանակ կորցնելու ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբը պետք է մեկնարկի աշխարհազորի և պահեստազորի ուսումնական վարժանքներ. դրան զուգահեռ՝ անհապաղ պետք է սկսել ամրաշինական և պաշպանական մեծածավալ աշխատանք՝ մասնագիտական և տեխնիկական օժանդակության համար ներգրավելով ամերիկյան և ֆրանսիական զինվորականների
3. ԿԳԲ և ԱԱԾ գործակալական ցանցի արխիվների հրապարակում և պետական կառույցների աշխատանքներից մեկուսացում, որպեսզի առաջիկա մարտահրավերի ժամանակ դարձյալ հարկ չլինի հետին թվով 5-րդ շարասյուն փնտրելու։

4. ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ կառույցների անդամակցության դադարեցում։
5. ՌԴ հետ ռազմական համագործակցություններն «ապահովող» միջպետական պայմանագրերի չեղարկում, այդ թվում ռազմաբազայի դուրսբերում, համատեղ ստուրաբաժանումների լուծարում, ՀՀ սահմաններից և անցակետերից ռուսական սահմանապահ զորքերի դուրսբերում։
6. Հայաստանի հանրային մուլտիպլեքսից ռուսական լրատվամիջոցների հեռացում։
7. Ռուսաց լեզվի ուսուցման դադարեցում հանրակրթության և բարձրագույն կրթության բոլոր օջախներում։
8. ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Կանադայի հետ նոր որակի ռազմավարական հարաբերությունների հաստատում։ Այդ երկրների հետ Հայկական բանակի արդիականացման և սպառազինման վերաբերյալ նոր պայմանագրերի կնքում, էներգետիկ անվտանգության և տնտեսական ներդրումների վերաբերյալ միջպետական համաձայնագրերի կնքում։

9. ԵՄ ասոցացման նոր համաձայնագրի կնքում։
10. Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ մի շարք ռազմական հանցագործությունների վերաբերյալ հայցերի նախապատրաստում։
Այս քայլերը պարունակում են ռիսկեր, բայց Ռուսաստանից միայն բողոքելով մեր ռիսկերը ոչ միայն չեն նվազում, այլև խորացնում են առանց այդ էլ անվտանգության սպառնալիք ճգնաժամը։ Հանրությունը, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական կազմակերպությունները պետք է պահանջ դնեն իշխանության առջև, որպեսզի օր առաջ իրականացվեն այս կարևոր քայլերը, հակառակ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իշխանազրկելու ուղղությամբ պետք է ձևավորել ազգային համաձայնություն»։

Please enter a valid URL