Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանին առաջադրված մեղադրանքի հետ:
«Քննությամբ հիմնավոր կասկածներ են հաստատվել առ այն, որ Լյովա Հենրիկի Մնացականյանը, ով ծնվել է 1965 թվականին եւ բնակվել է Ադրբեջանի Խոջավենդի շրջանում, ՀՀ նախկին զինծառայող է, 2013-2018 թվականներին մտացածին ռեժիմի «պաշտպանության նախարար» աշխատած, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքում գործող անօրինական ռազմական զինված խմբի անդամ, 2002թ. մայիսի 8-ին մի խումբ անձանց հետ համաձայնության գալով, Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի տարածքում գերի է վերցրել Մամեդով Իլհամ Յուսիֆ օղլուին, որին մինչեւ նոյեմբերի 19-ը գերության մեջ էր պահել, ինչպես նաեւ այլ ադրբեջանցիների եւ ազգային ատելության հողի վրա նրանց բազմաթիվ կտտանքների է ենթարկել Ֆիզուլիում տեղակայված զորամասում:
2006 թվականի նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել Լյովա Մնացականյանին Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նույն թվականի նոյեմբերի 14-ին նրա նկատմամբ համապատասխան դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ Ինտերպոլի գծով հայտարարվել միջազգային հետախուզում:
Այս տարվա սեպտեմբերի 29-ին Մնացականյանը ձերբակալվել է Լաչին անցակետով Հայաստան անցնելիս եւ հանձնվել քննությանը, նրան մեղադրանք է առաջադրվել վերը նշված հոդվածով»,-ասվում է հայտարարության մեջ: