Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Գլուխ գովալ անցյալով և բաժանվել իրարից: Դու հայաստանցի ես, ես՝ ղարաբաղցի, դու սիրիահայ ես, ես՝ ռուսաստանահայ, ես՝ ապարանցի, դու՝ գյումրեցի, վանաձորցի, երևանցի, հետո օրինակ՝ Երևանում՝ կոմիտասցի, կենտրոնցի, արեշցի, հետո՝ մեր թաղ, ձեր թաղ, մեր շենք, ձեր շենք:
Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար: Հերի՛ք է, հերի՛ք:
Ախր սպանելուց մեզ առանձին-առանձին չեն սպանում է, սպանում են բոլորիս մի տեղում ու մի զարկով:
Ես չեմ հավատում, որ այսօր կա մի հայ, որի սրտից արյուն չի գնում, ով ուզում է լինի, որ անկյունում ուզում է լինի և ինչ գաղափարի կրող լինի:
Այս օրերին լավ առիթ է հասկանալ, որ հայը հային չի կարող թշնամի լինել, ատել, ուզենալ սպանել, մենք ոչ դրա ռեսուրսն ունենք, ոչ էլ իրավունքը: Հարցեր ունենք շատ իրար, անհամաձայնություններ՝ ավելի շատ, բայց կա գիծ, որը անցնել չի կարելի, վերջացել է այդ լիմիտը վաղուց, վերջացե՛լ է, լսո՞ւմ եք:
Հա, ու մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս: Հիմա մի բան կա, որ պետք է անենք՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ լինենք: Մեր վերքերը բուժենք ու գնանք առաջ:
Մեր սարերի պես պինդ ենք, սա էլ կանցնենք, դիմանալ է պետք»,- գրել է նա: