Search
Close this search box.

«Հրապարակ». «Քաղպայմանագրում» Երեւանը զավթելու օպերացիան են մշակում

«Հրապարակ» թերթը գրում է. Աղետաբեր իշխանության ողջ ուշադրությունը, չնայած երկրում ստեղծված ողբերգական իրավիճակին, գլխավորապես սեւեռված է Երեւանում իշխանությունը բռնազավթելուն։ Հայտնի է, որ սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո ՔՊ-ն խայտառակ արդյունքներ գրանցեց, անգամ իր սատելիտ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիայի դեպքում չունեն մայրաքաղաքը կառավարելու մեծամասնական մանդատ եւ տարբեր սցենարներ են մշակել, թե ինչպես բռնազավթել Երեւանը։ Այնպես, ինչպես Գյումրին, Վանաձորը եւ մնացյալ բոլոր համայնքները, որտեղ ընտրություններով պարտվեցին, բայց իշխանության կեղտոտ գործիքներով՝ քրեական հետապնդումներով, տիրացան քաղաքային իշխանությանը։ Այս առումով Երեւանը թերեւս բացառություն չի դառնալու, հատկապես որ ընդդիմադիր դաշտում միավորման հույսն արդեն մարել է, Երեւանն ընդդիմադիր քաղաքապետ չի ունենա, փոխարենը ՔՊ-ն մարդագողությամբ կարող է վերցնել քաղաքապետի պաշտոնը։

Մենք քանիցս գրել ենք, որ ՔՊ-ին միայն նիստ անցկացնելու քվորում է հարկավոր, որը նույնիսկ Արամ Զավենիչի կուսակցության հետ չի կարող ապահովել, միասին 32 մանդատ ունեն,  քվորումի համար 33 անձի ներկայություն է պահանջվում։ Եթե որեւէ ուժից թեկուզ մեկ հոգի մասնակցի նիստին ու անգամ չքվեարկի, իշխանական թեկնածուն կարող է քվեարկության երկրորդ փուլով քաղաքապետ դառնալ։ Անդրանիկ Թեւանյանն ու Հայկ Մարությանը երեկ հայտարարեցին, որ չեն մասնակցելու եւ կողմ են նոր արտահերթ ընտրություններին։ Իսկ դա անպայման պետք է հայտարարվի՝ եթե 2 շաբաթվա կտրվածքով ավագանին նիստ անի եւ չկարողանա քաղաքապետ ընտրել։ Դեռեւս անհայտ է Վարդան Ղուկասյանի՝ Դոգի դիրքորոշումը, որի «Հանրային ձայն» կուսակցությունն ավագանիում 7 մանդատ ունի։ 

Եվ չնայած դրան՝ ՔՊ-ում ընթացող գործընթացները հուշում են, որ իշխանության ներսում, մեղմ ասած, նոր ընտրությունների տրամադրվածություն չկա, եւ ամեն ինչ անելու են, որ Ավինյանին քաղաքապետ դարձնեն։ Վերջինս այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է մերձավորների հետ, որոնք ընդգրկված են ավագանու ցուցակում։ Հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները եւ հնարավոր լարումներն այս հարցի շուրջ՝ Ավինյանն իրեն ապահովագրել է հնարավոր ֆորս մաժորներից։ Տեղեկացանք, որ նա հանդիպել է իր մտերիմ թաղապետերի հետ, հորդորել, որ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատման դիմումներ գրեն եւ վերցնեն ավագանու մանդատները, երբ իր ընտրությունն ավարտվի, խոստանում է նրանց նորից թաղապետ նշանակել։ Խոսքն այն պաշտոնների մասին է, որոնք անհամատեղելի են ավագանու անդամի աշխատանքի հետ։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում ամփոփել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված անձանց ինքնաբացարկների դիմումները։ Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 3 թեկնածու․ Վահագն Հայրապետյանը՝ ջազմեն, դպրոցի տնօրեններ Մարգարիտ Խաչատրյանը եւ Ռուզաննա Երեմյանը։ ԿԸՀ-ն հաստատել է ՔՊ ավագանու կազմը, որում ընդգրկված են նաեւ Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը, Էրեբունու վարչական ղեկավար Հակոբ Բալայանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը, ինչպես նաեւ Ավինյանի մտերիմներից Նարեկ Մանուկյանը, ով շուրջ մեկ տարի է՝ ղեկավարում է ուռուցքաբանության կենտրոնը։ 

Լուրեր կան, որ Ավինյանը մտավախություններ, կասկածներ ունի, որ ֆորսմաժորային իրավիճակում հնարավոր է ավագանու անդամները, իբր տուրք տալով հանրային ընդվզումին, չհամաձայնեն իր օգտին քվեարկել, ուստի որոշել է յուրայիններին պահել կողքին։ Սա մյուս կողմից փաստում է, որ Ավինյանն անվստահություն ունի՝ Փաշինյանի ձեւավորած ցուցակի հետ կապված, չի վստահում ՔՊ ավագանու անդամներին։

Նշենք, որ, համաձայն օրենքի, ավագանու առաջին նիստը կայանալու է հոկտեմբերի 10-ին, եթե, իհարկե, քվորում լինի, եւ ավագանու առնվազն 33 անդամ ներկայանա նիստին։ Ավագանու 65 անդամներից առնվազն 33-ը պետք է նաեւ քվեարկի, որ առաջադրված թեկնածուն հենց առաջին փուլում ընտրվի։ Եթե ոչ, ապա երկրորդ փուլով քաղաքապետ կընտրեն, եթե թեկնածուն ստանա ընտրությանը մասնակցած ավագանու անդամների մեծամասնության քվեն։ Իսկ եթե նիստ չգումարվի, այն պետք է կրկին հրավիրվի երկու շաբաթ անց։ Եթե այդ ժամանակ էլ քվորում չլինի, կառավարությունը պարտավոր է նոր ընտրություններ նշանակել։ Ի դեպ, եթե ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան ձեւավորվի, ապա, ամենայն հավանականությամբ, Անի Խաչատրյանը փոխքաղաքապետ կնշանակվի, իսկ Արտակ Զեյնալյանն իրեն տեսնում է գործադիրում։

Հավելենք, որ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններից հետո պատկերն այսպիսին է. իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» 24 մանդատ ունի, Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը»՝ 14, 12 մանդատ ունի «Մայր Հայաստան» դաշինքը, 8-ը՝ «Հանրապետությունը», 7-ն էլ բաժին է հասել «Հանրային ձայնին»։

Please enter a valid URL