«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի սահմանը հատելուց հետո արցախցիների համար սկսվում է երկրորդ մղձավանջը՝ խցանումներ, մեքենաների մեջ անցկացված գիշերներ, հերթեր գրանցման կետերում՝ Գորիսում եւ Վայքում։ Ստեփանակերտից Վայք մարդիկ հասնում են 3-4 օրում։ Բայց գրանցվելուց եւ կարիքները գնահատելուց հետո էլ չեն կարողանում կեցավայր գտնել։
Վայքի բնակիչ, մի քանի պատերազմների մասնակից Է․ Մ․-ն պետական աշխատող չէ, աշխատավարձ չի ստանում, բայց ՏԿԵՆ չինովնիկների հետ հավասար զբաղվում է մարդկանց տեղավորելով։ 6 մարդ է բերել՝ իր տանը բնակեցրել։ Վրդովվում է․«Մեր հայերը լավը չեն։ Էս ծանր վիճակում էլ տան վարձ են թանկացնում»։ Նա վստահ է, որ պետությունը փոխհատուցելու է տեղահանվածների բնակվարձը։ «Ես լսել եմ, որ 80-100 հազարի չափով փոխհատուցում են տալու տան վարձերի համար»,- ասում է նա։
Ավելի ուշ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի տրամադրել միանվագ 100 հազար դրամ աջակցություն՝ առաջնային կարիքների բավարարման նպատակով։ Թե դա ինչ խնդիր է լուծելու, պարզ չէ։
Արցախցիներն իրար էին փոխանցում սոցապի հաղորդագրությունը՝ 100 հազարների մասին։ Նաեւ լսել են, որ ԱՄՆ կառավարությունն է պատրաստվում գումար տրամադրել իրենց համար։ Եվ հիմա բոլորը սպասում են պետական աջակցության գումարներին, որ կարողանան իրենց ուզած բնակարանները վարձել։ Պետության թեկուզ փոքր գումարային աջակցությունն ինչ-որ հույս է, որ հնարավոր կլինի քիչ թե շատ նորմալ պայմաններ ունենալ։ Իսկ այն, ինչ առաջարկում է պետությունը, հիմնականում հեռավոր սահմանամերձ շրջաններում է։ Մի քանի պատերազմ տեսած, մի քանի անգամ տուն կորցրած արցախցիները, հատկապես՝ կանայք, նախընտրում են Երեւանում կամ գոնե երեւանամերձ վայրերում կացարան գտնել։
Զախարյանները 3 անգամ տուն են կորցրել
Զախարյանների ընտանիքը՝ 90-ն անց ծերունին՝ դստեր, նրա աղջկա եւ թոռնիկի հետ երեք օրում Գորիսից հասել է Երեւան։ Ընտանիքը երեք անգամ տուն է կորցրել։ Նախ՝ Թուրքմենստանի Մարի քաղաքում է բնակվել։ Ապա՝ 90-ականների խժդժություններից հետո, փախել է Լեռնային Ղարաբաղ։ Բնակություն է հաստատել Շուշիում։ Ընտանիքի մայրը՝ Ամալյան, հիշում է, թե ինչ դժվարությամբ է մեծացրել դստերը, պահել տարեց հորը, աշխատել, աշխատել։ «Շուշիի անկումից հետո ապրեցինք Ստեփանակերտում, Ստեփանակերտի անկումից հետո էլ երրորդ անգամ տուն կորցրինք ու էլ չենք ուզում գնալ մի տեղ, որտեղ կարող է պատերազմ լինի։ Ո՛չ Սյունիք, ո՛չ սահմանամերձ բնակավայր չեմ գնա»,- ասում է Ամալյան։
Հաշմանդամ, անկողնային հիվանդ հոր հետ, որը տառապում է գիշերամիզությամբ, ռեալ չէ բնակվել հայաստանցի որեւէ ընտանիքի հետ։ Զախարյաններին առանձին բնակարան է պետք։ Սոցապնախարարությունը նրանց համար Ճամբարակում մի տուն է գտել։ Բայց ընտանիքը հույս ունի՝ Երեւանին ավելի մոտ բնակություն հաստատել։ «Զանգահարեցինք «Մայր Հայաստան» շարժման «Արցախ համայնք» կենտրոն։ Պարզվեց՝ դա ինչ-որ մեկի բիզնեսն է։ Մեզ ասացին՝ ինչքա՞ն փող կարաք տաք, որ բնակարան վարձեք։ Մի խոսքով, դրանք չեն տեղավորում, երեւի ինչ-որ մեկի բիզնեսն է»,- ասում է Մարինե Զախարյանը։ Մինչեւ օրվա վերջը նա այդպես էլ իր ուզած կացարանը չէր գտել։ Մենք փախստական կնոջ կարծիքը փոխանցեցինք «Մայր հայրենիք» շարժման համակարգող Անդրանիկ Թեւանյանին, նա մենաբանեց․ «Մեզ մոտ ինֆորմացիա են հավաքում, իրար կապում, բայց նաեւ օգնություն են տալիս՝ վերմակ, դոշակ, շոր, ինչ որ բերում են։ Հընթացս կկանոնակարգենք, ավելի հստակ կլինի»։
Արձակեց շանը, բաց թողեց ձիուն, մի լավ լաց եղավ ու ճամփա ընկավ
Դեպի Երեւան է շտապում նաեւ Իզաուրա Բալասանյանը՝ Արցախի Հանրապետության Լեռնավանի շրջանի Ջամիլու գյուղից։ Իզաուրան մոռացել է արդեն, թե Ջամիլու գյուղի տունը, որն իր ձեռքով է սարքել, իր որերորդ օջախն է։ Նա Արցախում հայտնի է նրանով, որ պատերազմից հետո՝ 2021 թվականի օգոստոսի 1-ին, չունենալով տուն, վերցրել է իր 4 երեխաներին ու փորձել վերադառնալ նախկին բնակավայրը՝ Շուշի, որն արդեն ադրբեջանցիների ձեռքին էր։ Այն ժամանակ նրան կանգնեցրել են ադրբեջանցի եւ ռուս սահմանապահները։ Այս հուսահատ քայլից հետո Արցախ պետությունը տուն ու շինանյութ է տվել կնոջը։ Ի վերջո, երկար դեգերումներից ու տանջանքներից հետո Իզաուրան եւ նրա 4 երեխաները հիմնավորվել են Ջամիլուում։ Կինը փոքրիկ անասնապահական ֆերմա է ունեցել՝ կով, հավեր, ձի, չոբանի մեծ շուն։ Բայց ստիպված է եղել հրաժեշտ տալ իր այս նոր տանը, որտեղ անգամ բլոկադայի օրերին է ապրել երջանիկ, սեւ պոմիդոր է աճեցրել, պանիր սարքել, տարել Ստեփանակերտ՝ վաճառքի։ Սեպտեմբերի 25-ին նա արձակել է շանը, բաց թողել ձիուն, մի լավ լաց եղել ու երեխաների հետ ճամփա ընկել։ Հիմա նա Վայքում է։ Երեխաների հետ, փողոցում կանգնած, կացարան է փնտրում, զանգում է ծանոթ լրագրողներին եւ այլ «պետական մարդկանց»։ Երեկ՝ օրվա վերջում, ժամը 18։00-ի դրությամբ երկու ընտանիքն էլ, որոնց ճակատագրին հետեւում էինք ողջ օրվա ընթացքում՝ ե՛ւ Զախարյանները, ե՛ւ Իզաուրան՝ իր երեխաների հետ, դեռ տեղ չէին գտել։
Երեկ, ժամը 16:00-ի տվյալներով, ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 93 հազար անձ էր ժամանել Հայաստան։ Ի դեպ, խարդախության դեպքերի մասին ահազանգեր եղան։ Անվճար տուն փնտրող արցախցիների անվան տակ հայաստանցի մի ընտանիք փորձել էր 8 հոգով տեղավորվել Արարատի մի բնակչի տանը։ Վերջինս արագ «շուխուռ» էր դրել՝ զանգելով ու ասելով տեղավորողին՝ արա, ախպեր ջան, սրանք արցախցի չեն։ Ճի՞շտ է արդյոք, որ փախստականներին պետությունը, որպես բնակվարձի փոխհատուցում, գումար է տրամադրելու եւ ի՞նչ չափով։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը «Հրապարակի» հարցին պատասխանում է․ «Այս պահին ծրագրերի մասին կարող եմ ասել այն, ինչ արդեն հանրայնացված է, այսինքն՝ որ քննարկվում է հյուրընկալության ծրագիր, որը տրամաբանությամբ մոտ է տեղահանվածների համար նախորդ ծրագրերին, որոնք պատերազմից հետո ունեինք։ Այլ աջակցության մասով այս պահին տեղեկություն չկա»։
Թե ինչ խայտառակ ձեւով են իրականացվել նախորդ ծրագրերը, մենք արդեն տեսել ենք։ Անգամ տեղահանվածներին հասանելիք ամսական 40 հազարական դրամի վճարումներն էին ուշացնում։ Բնակարաններ գնելու համար սերտիֆիկատները հիմնականում մնացին մարդկանց ձեռքին, որովհետեւ կա՛մ տներն էին թանկ, եւ այդ սերտիֆիկատներով հնարավոր չէր որեւէ բնակարան գնել, կա՛մ էլ բանկերն էին հրաժարվում սերտիֆիկատներով աշխատել, իսկ նրանց, որոնց արդեն տրվել էին ի սկզբանե արժեզրկված այդ թղթերը, պետությունը դադարում էր 40 հազար ամսական նպաստ վճարել։ Եթե այս անգամ էլ են աջակցության նմանատիպ սխեմաներ կիրառվելու, ապա որպես արդյունք ընդամենը ունենալու ենք շեշտակի ավելացած աղքատություն։